Թեհրանը պատրաստել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի պատասխանները և ավելի ուշ կհրապարակի դրանց բովանդակությունը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մի քանի օր առաջ միջնորդների միջոցով ներկայացվել են առաջարկներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած ծրագիրը, որը փոխանցվել է Պակիստանի և մի շարք այլ բարեկամ երկրների միջոցով։ Այդ ժամանակ մենք հայտարարեցինք, որ նման առաջարկները չափազանցված են, անսովոր և անտրամաբանական։ Ելնելով մեր շահերից ու նկատառումներից՝ մենք ձևակերպել ենք պահանջների մեր սեփական փաթեթը», - նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Բաղային նշել է, որ Թեհրանը նախապես գիտեր իր ցանկությունների և գոյություն ունեցող «կարմիր գծերի» մասին։ «Քննարկումների հենց սկզբից մենք պատրաստել ենք մեր պատասխանները։ Անհրաժեշտության դեպքում մենք ուղղակիորեն կհայտնենք դրանց բովանդակության և հրապարակման ձևի մասին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։


