Բուշերի ԱԷԿ-ի գնդակոծությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ողջ Մերձավոր Արևելքի համար։ Դրանք կարող են հանգեցնել ռադիոակտիվ նյութերի արտանետման։ Այս մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հասցեագրված նամակում գրել էԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։


«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ սա արդեն չորրորդ հարձակումն է Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի վրա, և այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել գործող ռեակտորից ռադիոակտիվ նյութերի լայնամասշտաբ արտանետման համար, ինչը անդառնալի հետևանքների կհանգեցնի բնակչության, շրջակա միջավայրի և նույնիսկ հարևան երկրների համար», - նշվում է ԻԱԷԿ-ի Telegram-ալիքում։ Էսլամին նաև նամակում նշել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ատոմային էներգետիկայի ոլորտում իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար։

«Էսլամին այս գործողությունն անվանել է [ԱԷՄԳ-ի] Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրի ներքո գտնվող և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից պետության տարածքում տեղակայված միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելքի ակնհայտ խախտում։ Ինչից հետո այն որպես բացահայտ ռազմական հանցագործություն ու սպառնալիք է բնութագրել չտարածման գլոբալ ռեժիմի համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նա նաև քննադատել է Բուշերի ատոմակայանի վրա հարձակումների վերաբերյալ ԱԷՄԳ-ի և Գրոսիի անգործությունը՝ նշելով, որ պարզապես «խորը մտահոգություն» արտահայտելն առանց ագրեսիվ գործողությունները հստակ դատապարտելու բավարար չէ և միայն խրախուսում է մեղավորներին կրկնել նման հարձակումները։

ԻԱԷԿ-ն (Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն) ապրիլի 4-ին հայտնել է, որ հերթական հարվածն է հասցվել Բուշերի ԱԷԿ-ի մերձակա տարածքին: Արկն ընկել է ատոմակայանի տարածքի մոտ, ինչի հետևանքով զոհվել է ատոմակայանի պահնորդներից մեկը, սակայն հիմնական օբյեկտները չեն վնասվել: ԱԷՄԳ-ում, մեկնաբանելով կատարվածը, նշել են, որ ԱԷԿ-ի հրապարակներին և դրան հարող տարածքների ուղղությամբ հարվածներն անթույլատրելի են, քանի որ այնտեղ տեղակայված են միջուկային անվտանգության ապահովման համար կրիտիկական նշանակություն ունեցող սարքավորումներ։