«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ կարճատեւ արձակուրդ է վերցրել, որից, ըստ ամենայնի, այլեւս չի վարադառնա։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Դատական կարգադրիչների եւ դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված է։

Ավելին, մեր տեղեկություններով՝ այդ գործերով քննությունն ինտենսիվ կերպով շարունակվում է, եւ դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առայժմ չեն կալանավորում, քանզի թելերը կարծես թե տանում են դեպի Մկրտումյան։ Ամեն դեպքում, արդեն իսկ ակտիվացել են ՎԴ նախագահի պաշտոնի հավակնորդները։

Երեկվա դրությամբ Դավիթ Հարությունյանն այլեւս ֆավորիտների մեջ չէր, փոխարենը մեծացել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի շանսերը, որի համար ակտիվորեն լոբբինգ է անում նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Մուկուչյանը համարվում է վերջինիս մերձավորը, եւ նրա նշանակման դեպքում ՎԴ համակարգը կհայտնվի Կոստանյանի ազդեցության տակ։ «Ժոդովուրդ»–ի տեղեկություններով՝ քննարկվում է նաեւ ՎԴ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի թեկնածությունը, ով ներկայումս Վրաստանում Հայաստանի դեսպանն է»,- գրում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: