«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն՝ վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, և հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել էր եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները։ Դավիթ Մինասյանը, նայելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր «տենց չնայես» ու փորձել հարվածել։
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։
18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։ Գործով նախաքննությունը շարունակվում է։
Երեկ հայտնի դարձավ, որ բժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


