ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչու սարքերի փորձարկումների ժամանակ Starlink արբանյակային ցանցի աշխատանքի խափանումներն ի հայտ են բերել Պենտագոնի աճող կախվածությունը SpaceX ընկերությունից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած համաշխարհային խափանումը ոչ միայն միլիոնավոր օգտատերերի է տհաճություն պատճառել, այլև հանգեցրել է Կալիֆոռնիայի ափամերձ գոտում գործող շուրջ 20 անօդաչու նավերի կառավարման կորստին։ Արդյունքում՝ ռազմական գործողությունները մոտ մեկ ժամով կաթվածահար են եղել։


Փորձարկումների ամփոփիչ զեկույցում շեշտվում է, որ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում Starlink-ն ունի որոշակի սահմանափակումներ։ Այդուհանդերձ, իր մատչելիության ու էժանության պատճառով համակարգը շարունակում է կենսական դեր խաղալ ԱՄՆ ռազմական ծրագրերում։

Reuters-ի փոխանցմամբ՝ օրենսդիրներին անհանգստացնում է այն, որ Պենտագոնը հույսը դրել է միայն SpaceX-ի վրա: