Եկեք չմոռանանք, որ մեզանում եղել են, չեմ կարող, ցավոք, բացառել, որ մինչև հիմա էլ կան, հանցագործության կամ ինչ-որ դեպքեր չգրանցելու, ինչ-որ դեպքեր մի կողմ գցելու և այլն. այս վատ սովորություններից մենք պետք է հետևողականորեն ազատվենք։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 16–ին, ՆԳՆ–ում Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք չփոխվենք, մենք չենք կարող փոխել այն իրականությունը, որը ուզում ենք դեպի լավը փոխվի: Եթե մենք չենք փոխվում, կարող ենք արձանագրել, որ իրականությունը փոխվում է դեպի վատը, որովհետև իրականությունը առաջնորդության կարիք ունի, և ոստիկանությունը, ըստ էության, զինվորական տրամաբանությամբ ծառայություն է, ոստիկանությունն առաջնորդող դերակատարում պետք է ունենա իր պատասխանատվության ոլորտում։
Ես երբեմն զգում եմ, որ մենք, ասելով ոստիկանություն, բաց ենք թողնում անհատական առաջնորդության և անհատական պատասխանատվության էլեմենտը, որովհետև ոստիկանությունն ուղղակի վիճակագիր չպետք է լինի։ Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իր պատասխանատվության գոտին ունի. իր լիազորությունների շրջանակն ունի, և եթե յուրաքանչյուր ոստիկան անհատական պատասխանատվություն չի զգում տեղի ունեցողի հետ կապված, ինքն ընդամենը վիճակագիր է. էսքան գողություն եղավ, էսքան թմրամիջոցի դեպք եղավ, էսքան զենք եղավ, էսքան վթար եղավ... Մենք ընդամենը արձանագրողի դերում կլինենք։ Սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք համակարգը զարգացնել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով աշխատում է իքս տարածքում, զգա՝ իր պատասխանատվության առաջնորդն է։
Հաջորդ խնդիրն էլ կա, որ մենք գիտակցում ենք՝ ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է և՛ ոստիկանության աշխատողի. և՛ ուրիշների կյանքի, և՛ անվտանգության հետ,: Մենք այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնենք, և մենք գնում ենք այս ուղղությամբ և այս տրամաբանությամբ։ Ես կարծում եմ, որ մենք ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով՝ մենք կարող ենք այս փոփոխությունը անընդհատ ապահովել և ՀՀ ոստիկանության ինքնությունը ամրացնել, վերափոխել և անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին: Իմ կարծիքով՝ մենք ընթանում ենք այս ուղղությամբ»,– ընդգծեց վարչապետը։


