«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված պաշտոնական փաստաթուղթը նոր հարցեր է առաջացնում առողջապահական ոլորտում ֆինանսական թափանցիկության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Առողջապահության նախարարության և «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված դրամաշնորհի հատկացման պայմանագրին, որի շրջանակում կենտրոնին տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ պետական աջակցություն։


Փաստաթղթից պարզ է դառնում, որ գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Պայմանագրով հստակ նշվում է, որ իրականացվելիք միջոցառումները պետք է ներկայացված լինեն հավելվածներում, մասնավորապես՝ «Ծրագրի միջոցառման» և «աշխատանքային պլանի կատարողական հաշվետվության» տեսքով։


Սակայն փաստաթղթին կից չեն ներկայացվել ո՛չ միջոցառումների մանրամասները, ո՛չ էլ հաշվետվական որևէ տվյալ։ Այսինքն՝ հանրությունը զրկված է տեղեկանալու հնարավորությունից, թե կոնկրետ ինչ նպատակներով է ծախսվելու այդ 25 միլիոն դրամը և ինչ արդյունքներ են ակնկալվում։

Պետբյուջեից փոխանցված դրամական ծավալը փոքր չէ. ներկայիս փոխարժեքով այն կազմում է մոտ 60-65 հազար ԱՄՆ դոլար։ Հանրային միջոցների հաշվին նման ծախսը, առանց հստակ ծրագրային նկարագրության և հաշվետվողականության մեխանիզմների, լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Սա համակարգային հարց է՝ պետական ֆինանսավորման թափանցիկության և վերահսկողության վերաբերյալ։ Եթե պայմանագրերը հրապարակվում են պաշտոնական կայքում՝ ստիպված, բայց առանց անբաժանելի հավելվածների, ապա դրանք փաստացի դառնում են կիսատ տեղեկատվություն, չի ապահովում հանրային վերահսկողություն։

Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ պայմանագիրը կնքել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Ալեքսանդր Զուրաբյանը։ Նրանից առաջ տնօրենը խարդախության մեղադրանքով հեռացվեց պաշտոնից։

Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները «Հետք»-ին պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Այնուհետև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Պարույր Ասրյանը, որը Ստեփանավանի բժշկական կենտրոնում աշխատում է 2020 թվականից՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

Հիմա արդեն տնօրենը Ալեքսանդր Զուրաբյանն է։