Մոսկվան, Բրյուսելն ու Բաքուն առանց ամաչելու հայտարարում են, թե ինչ են ակնկալում Հայաստանի ընտրություններից։ Այս մասին «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը հայտարարել է նույնանուն կուսակցության արտահերթ համագումարի ավարտից հետո։
Քաղաքական գործիչը նշել է, որ նրանք փորձում են հայ ժողովրդին ստիպել ընտրություն կատարել, որն, իբր, պայմանավորված է արտաքին ուժերով։ «Մոսկվայից մեզ ասում են, որ ուզում են, որ մեր երկրի խորհրդարանի ընտրություններում տեսնել իրենց նախընտրած ուժերին։ Բաքվից ասում են, որ ուզում են հաղթի գործող իշխանությունը, ու ոչ ոք դրանից չի ամաչում, ոչ ոք մեզ չի հարցնում, թե մենք ինչ ենք ուզում։ Տարբեր մայրաքաղաքներից փորձում են միջամտել ու որոշել, թե ՀՀ խորհրդարանական ընտրություններում ով պետք է հաղթի», - հայտարարել է Թաթոյանը։ Նրա խոսքով՝ սա մի ուղի է, որը մեզ տանում է դեպի կախվածության և օտարի շահերի համար զոհաբերության։ Թաթոյանն ընդգծել է, որ նա, ով խոսում է Մոսկվայի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու մասին, ով ասում է՝ «կամ ես, կամ պատերազմը», իրականում վաճառում է երկրի ինքնիշխանությունը։
Թաթոյանն ընդգծել է, որ ոչ վաղ անցյալում հայ ժողովուրդը տեսել է պատերազմներ և ողբերգություններ, որոնք տեղի են ունեցել պատասխան տալու անկարողության և իրական օգնության բացակայության հետևանքով։ «Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պե՞տք է ընտրություն կատարի օտարի շահերի միջև։ Ժողովուրդն արժանի է այնպիսի իշխանությունների, որոնք մտածում են իր մասին»,- վստահեցրել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով և գործընկերների հետ կառուցի արժանապատիվ հարաբերություններ։ Ընտրությունները լինելու են այն մասին, թե ինչ ենք ուզում մենք, այլ ոչ թե ուրիշները, եզրափակել է Թաթոյանը։


