Շաբաթ օրը՝ ամսի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը և այդ օրը ժամը 13-ից Ամիրյան փողոցում լինելու է, այսպես ասած, «խորոված փարթի» հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ինչու՞ է Փաշինյանը որոշել նախորդ տարիների քաղաքացու օրվա համեստ միջոցառումներն այս անգամ փոխարինել խորոված փարթիով։ 2025-ին նա Ապարանում «կրթվելը նորաձև է» շարժմանն էր մասնակցում։ 2024-ին Գեղարքունիքի մարզում էր, 23-ին Տավուշում։ «Քաղաքացու օրվա» ամենաակտիվ միջոցառումները Երևանում միայն 2019-ին են անցկացվել՝ 2018-ի հայտնի իրադարձություններից մեկ տարի անց։ Այդ օրը Փաշինյանը խորոված էր անում քաղաքացիների հետ փողոցում։


Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը նշում է, որ նախընտրական շրջանում Փաշինյանն այժմ ցանկանում է վերակենդանացնել 2018-2019-ի քաղաքացիների տրամադրությունները. «Ինքը փորձում է վերակենդանացնել 18-19 թվականների այդ միասնության լեգիտիմության ոգին, որը կար, որ իրեն թույլ տվեց գալ իշխանության և հետագա բոլոր գործընթացները իրականացնել»,–ասել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ նույն նպատակն ուներ նաև օրեր առաջ Փաշինյանի կազմակերպած ավտոերթը դեպի Գյումրի, քաղաքի կենտրոնական հրապարակում նրա մասնակցությամբ համերգը, որը քաղաքագետը տապալված է համարում. «Մենք տեսանք, որ եթե մենք մի կողմ ենք թողնում այն մարդկանց, ում Նիկոլ Փաշինյանը իր հետ բերել էր Գյումրի, Գյումրին մերժեց այդ հավաքը, ընդամենը մոտ 1000 հոգի եկավ։ Բայց ինչու՞ էր նա դա ուզում աներ, որովհետև մտքում 18 թվականն էր, 18 թվականի ոգին»,– ընդգծում է քաղաքագետը։

Բենյամին Մաթևոսյանի կարծիքով Փաշինյանը փորձում է մոբիլիզացնել իր ընտրողներին, այդ թվում այն մարդկանց, որոնք ուշադրության բացակայության պատճառով կարող էին գալիք ընտրություններում այլ ուժի ընտրել. «Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում փորձում է հնարավոր բոլոր ձևերով կաշառել այն մարդկանց, ում ինքը կարծում է, որ իր պոտենցիալ ընտրողներն են, ու այդ կաշառքը տարբեր ձև կարող է դրսևորվել՝ թոշակներ են բարձրացնում, մարդկանց կերակրում են։ Դրանք կաշառքի դրսևորման ձևերից մեկն են»։