Եգիպտոսի իշխանությունները, համագործակցելով հարևան մի քանի երկրների հետ, փորձում են դիվանագիտական մեկուսացման ենթարկել Եթովպիային և զրկել նրան Կարմիր ծով դուրս գալու հնարավորությունից։ Այս քայլերն իրականացվում են Նեղոս գետի վրա կառուցված «Վերածնունդ» հիդրոէլեկտրակայանի շուրջ ծագած վեճի ֆոնին։ Այս մասին հայտնել է էմիրաթական The National թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։


Ըստ աղբյուրների՝ Եգիպտոսը մինչև 15 հազար խաղաղապահ է տեղակայել Սոմալիում և իր վերահսկողության տակ վերցրել Էրիթրեայում ու Ջիբութիում գտնվող ռազմական օբյեկտները։ Եթովպիան ձգտում է ելք ստանալ հենց այս երկրների նավահանգիստներին, որոնք աշխարհագրորեն փակում են նրա ճանապարհը դեպի Կարմիր ծով։ Կահիրեն փորձում է թույլ չտալ, որ Ադիս Աբեբան ամրապնդի իր դիրքերը չճանաչված Սոմալիլենդում։ Բացի այդ, Եգիպտոսն աջակցություն է հայտնել հարևան Սուդանի բանակին քաղաքացիական պատերազմում և ռազմական համաձայնագրեր կնքել Եթովպիայից հարավ գտնվող Քենիայի ու Ուգանդայի հետ։


Պարբերականի աղբյուրների կարծիքով՝ Եգիպտոսի այս քայլերը միայն Եթովպիային մեկուսացնելուն չեն ուղղված։ Կահիրեն նաև փորձում է սահմանափակել տարածաշրջանում Իսրայելի ազդեցությունը, քանի որ վերջինս, 2025-ին ճանաչելով Սոմալիլենդի անկախությունը, ձգտում է հենակետ ստեղծել Կարմիր ծովի հարավում և սատարել Ադիս Աբեբային՝ Եգիպտոսի հետ հնարավոր պատերազմի դեպքում։ Միևնույն ժամանակ, եգիպտական կողմը պաշտոնապես հերքում է այն հայտարարությունները, թե միջամտում է Եթովպիայի ներքին գործերին։

Թերթի նախորդ հրապարակումների համաձայն՝ Կահիրեն պատրաստ էր սատարել Եթովպիայի՝ դեպի ծով ելք ունենալու ձգտումները, բայց մի պայմանով՝ եթե Ադիս Աբեբան «զիջումների գնար» Նեղոսի ջրերի շուրջ վեճում։ Աղբյուրները դեռ այն ժամանակ զգուշացնում էին, որ առաջարկը մերժելու դեպքում Եգիպտոսը կարող է օգտագործել իր կշիռը Սուդանում, Սոմալիում ու Ջիբութիում կամ ռազմածովային ուժերի միջոցով պարզապես փակել Եթովպիայի ճանապարհը դեպի այդ երկրների նավահանգիստներ։