Հորմուզի նեղուցն ազատելու ԱՄՆ-ի «Ազատություն» նախագիծը կսկսվի Մերձավոր Արևելքի ժամանակով երկուշաբթի առավոտյան, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Աշխարհի տարբեր երկրներ, որոնցից գրեթե ոչ մեկը ներգրավված չէ Մերձավոր Արևելքի հակամարտությունում, որը շարունակվում է այսքան բացահայտ և բուռն կերպով՝ բոլորի աչքի առաջ, դիմել են Միացյալ Նահանգներին՝ խնդրելով օգնել ազատել իրենց նավերը, որոնք արգելափակված են Հորմուզի նեղուցում, մի պատճառով, որը նրանք համարում են անընդունելի։ Նրանք դրան բացարձակապես որևէ առնչություն չունեն․ նրանք պարզապես չեզոք և անմեղ դիտորդներ են։


Իրանի, Մերձավոր Արևելքի և Միացյալ Նահանգների բարօրության համար մենք այդ երկրներին ասել ենք, որ անվտանգ կերպով դուրս կբերենք նրանց նավերը այս սահմանափակ ջրային ուղիներից, որպեսզի նրանք կարողանան ազատ և հմուտ կերպով զբաղվել իրենց գործերով։ Կրկին նշեմ՝ դրանք աշխարհի տարբեր ծայրերից եկած նավեր են, որոնք որևէ կերպ կապված չեն այն ամենի հետ, ինչ ներկայումս տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Ես խնդրել եմ իմ ներկայացուցիչներին տեղեկացնել նրանց, որ մենք կանենք ամեն ինչ՝ նրանց նավերն ու անձնակազմերը նեղուցից անվտանգ դուրս բերելու համար։ Բոլոր դեպքերում նրանք հայտարարել են, որ չեն վերադառնա, մինչև այդ տարածքը անվտանգ չդառնա նավարկության և մնացած ամեն ինչի համար։ Այս գործընթացը՝ «Ազատություն» նախագիծը, կսկսվի երկուշաբթի առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով։ Ես լիովին գիտակցում եմ, որ իմ ներկայացուցիչները շատ դրական բանակցություններ են վարում Իրանի հետ, և որ այդ բանակցությունները կարող են հանգեցնել բոլորի համար շատ դրական ինչ-որ բանի։ Նավերի տեղափոխումը պարզապես նախատեսված է ազատելու այն մարդկանց, ընկերություններին և երկրներին, որոնք բացարձակապես ոչ մի վատ բան չեն արել․ նրանք հանգամանքների զոհեր են։ Սա մարդասիրական ժեստ է՝ Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի երկրների, բայց մասնավորապես՝ Իրանի կողմից։ Այս նավերից շատերի վրա սպառվում են սննդամթերքի պաշարները և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեծ անձնակազմերի առողջությունն ու սանիտարական պայմանները պահպանելու համար։ Կարծում եմ՝ սա կարևոր բարի կամքի դրսևորում կլիներ բոլոր նրանց կողմից, ովքեր վերջին մի քանի ամիսների ընթացքում այսքան համառորեն պայքարել են։ Եթե որևէ կերպ խախտվի այս մարդասիրական գործընթացը, ապա, ցավոք, այդ միջամտությանը ստիպված կլինեն պատասխանել ուժով»,- նշել է Թրամփը։

Հասանելի է

русский