Իրանի և Օմանի պատվիրակությունները հանդիպում են անցկացրել՝ Հորմուզի նեղուցին վերաբերող վերջին զարգացումները և նավերի անվտանգ անցումն ապահովելու միջոցառումները քննարկելու նպատակով, հայտնում է Mehr-ը։

Մասկատում երեքշաբթի անցկացված բանակցությունները երկու երկրների միջև տարբեր մակարդակներում ընթացող երկկողմ խորհրդակցությունների մի մասն են, որոնք վերաբերում են տարածաշրջանային օրակարգին և փոխհարաբերություններին։


Իրանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ միջազգային-իրավական հարցերով գլխավոր տնօրեն Աբաս Բաղերփուրը. պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Երկու կողմերն էլ ընդգծել են իրենց ինքնիշխան իրավունքներն ու իրավասությունը նեղուցի նկատմամբ՝ որպես իրենց տարածքային ջրերի մաս։

Բացի դրանից, իրանական պատվիրակությունն առանձին բանակցություններ է վարել Օմանի արտգործնախարար Սայիդ Բադր բեն Համադ Ալ-Բուսաիդիի հետ։

Դրան զուգահեռ՝ Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը, որը նույն ժամանակահատվածում Օմանում էր, հանդիպել է իրանական պատվիրակության հետ՝ համապատասխան տեխնիկական հարցերը քննարկելու նպատակով։