Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրոպական միությանն անդամակցելու համար կամ չափազանց մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն, որևէ հանրաքվեի անցկացումն անտրամաբանական է։ Այս մասին հունիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ այդ ընտրությունը տեսական է, իսկ տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը՝ անլրջություն և անհիմն։ Ուստի, իշխանությունները կշարունակեն հանգիստ ու սառնասրտորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), որտեղ դեռևս կա չօգտագործված ներուժ։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է նաև հավասարակշռված արտաքին քաղաքականության մոդելին՝ նշելով, որ վերջին տարիներին հաճախ է խոսում այս թեմայով և փորձում նկարագրել դրա գործունեության մեխանիզմը։ Նրա խոսքով՝ պետությունը՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, գոյություն ունի միայն այլ երկրների հետ փոխգործակցության համատեքստում։

Այս հավասարակշռությունը վարչապետը համեմատել է տիեզերական ձգողականության գործընթացների հետ. «Երբ մոլորակներն ու երկնային մարմինները գոյություն ունեն և գործում են որոշակի ձգողական հարաբերությունների հիման վրա, և երբ այդ ձգողական հարաբերությունները խախտվում են ու հավասարակշռությունը կորչում է, աղետներ են տեղի ունենում»: Կառավարության ղեկավարը ցուցադրել է հայ ինժեներների պատրաստած մի հատուկ սարք, որի օգնությամբ ակնառու կերպով բացատրել է, որ հավասարակշռության խախտումն ու կշեռքի նժարներից որևէ մեկի զգալի գերակշռումը հանգեցնում են «անկման և վթարի»։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը չի ենթադրում կտրուկ քայլեր, ուստի «թե՛ հավասարակշռության հաստատումը, թե՛ հավասարակշռության վերականգնումը, թե՛ նոր հավասարակշռության ձևավորումը պետք է տեղի ունենան առավելագույնս սահուն, որպեսզի լինեն կառավարելի, և այլ տեսակի վթարներ տեղի չունենան»։

Միևնույն ժամանակ, Կառավարության ղեկավարն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ «Տրանսֆորմացիայի այս փուլը ես դրական եմ համարում, որովհետև, այո՛, այս նոր իրավիճակի պայմաններում մենք Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ ենք հաստատում, և ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք այս գործում, այդ թվում՝ այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ, մենք այդ հարաբերություններում ոչ մի մութ անկյուն չենք թողել»,- վստահեցրել է Հայաստանի վարչապետը։ Խոսելով տնտեսական քաղաքականության մեխանիզմների մասին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ «անվտանգությունը կամ անկախությունը քչերից ունեցած կախվածությունը շատերից ունեցած կախվածությամբ փոխարինելն է»։ Նա բերել է պայմանական մի օրինակ՝ նշելով, որ «եթե մեզ ջուր է բերում մեկ հոգի, պայմանականորեն՝ ամեն օր չորս լիտր ջուր է բերում մեկ հոգի, այդ մեկ մատակարարը կարող է, օրինակ, ճանապարհին վթարի ենթարկվել, կարող է հիվանդանալ և չկարողանալ այդ ջուրը բերել»։

Այդպիսի դեպքում, Փաշինյանի խոսքով, մատակարարը կարող է հասկանալ, որ դա «մեր նկատմամբ ազդեցության կոնկրետ լծակ է», և սկսել անհամաչափ պայմաններ առաջադրել։ Ընդհակառակը՝ գործընկերների թվի ավելացումը նվազագույնի է հասցնում բոլոր ռիսկերը և պետությանը հնարավորություն է տալիս սակարկել գնի ու ծավալների շուրջ։ Հենց այս տրամաբանությամբ, ինչպես ընդգծել է Փաշինյանը, «2022 թվականից հետո մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել այնպիսի երկրների հետ, որոնց հետ նախկինում դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել. խոսքը, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասին է»։ Նա նաև հավելել է, որ այժմ իշխանությունները լրջորեն աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, քանի որ այդտեղ առկա «դատարկ նժարները» նշանակում են անհամամասնություն, և այդ հավասարակշռության վերականգնումը քմահաճույքի հարց չէ, այլ պետության կենսագործունեության համար անհրաժեշտություն։