Նախախորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին:

Հետապնդողները եղել են «ԲՄՎ» մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU:

Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում: Հետապնդումը տևել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչև 00:10:

Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում Ծածկած շուկայի («Փակ շուկա») մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել: Սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է:

Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով:

«Նախախորհրդարանի քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է: Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգնելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին»,– ասվում է Նախախորհրդարանի հաղորդագրությունում: