Իրանի զինվորականները երկուշաբթի երեկոյան առնվազն երկու հրթիռ են արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։
Պորտալի զրուցակիցների խոսքով՝ երկու առևտրային նավ զգալի վնասներ են ստացել, սակայն տուժածներ չկան։
Պարբերականը նշում է, որ Թեհրանի հարվածները սպառնում են խափանել երեք շաբաթից էլ քիչ առաջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի համաձայն Իրանը համաձայնել էր դադարեցնել հարձակումները Հորմուզի նեղուցում։
Axios-ի ենթադրությամբ՝ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, պատասխան հարվածներ կհասցնի իրանական օբյեկտներին։
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում դեպի Օմանի ծոց հարավ ուղղությամբ ընթացող տանկերը խոցվել է անհայտ արկով։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Օմանի Լիմա առափնյա բնակավայրից ութ ծովային մղոն արևելք. անհայտ արկը դիպել է տանկերի ձախ բորտին՝ առաջացնելով հրդեհ։
Զոհեր և շրջակա միջավայրին հասցված վնասներ չկան, հետաքննություն է ընթանում, նշել են UKMTO-ում։


