Եթե մտածում ենք, որ այսօր օդանավակայանում վախեցրիք մեզ, ապա իմացեք, որ դա չի ազդի մեր խաղի վրա: Երեւանում մեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում: Մեր խմբում յուրաքանչյուր թիմ ունի այնքան միավոր, ինչքանի արժանի է:

Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը, ով խոսեց Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի մասին։ Այս մասին հայտնում է sport.news.am-ը:

«Մենք պատրաստ ենք թե՛ այս խաղին, թե՛ Չեխիայի հավաքականի դեմ հանդիպմանը: Եթե մտածում ենք, որ այսօր օդանավակայանում վախեցրիք մեզ, ապա իմացեք, որ դա չի ազդի մեր խաղի վրա: Չեմ ցանկանում այլեւս խոսել ոչ ֆուտբոլային թեմաներով: Կան կոմիտեներ, որոնք կզբաղվեն այդ հարցերով: Իմ գործը ֆուտբոլն է:

Մեզ սպասվում է հետաքրքիր խաղ: Երկու թիմերն էլ ունեն տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Մեր խմբում եղան շատ հետաքրքիր արդյունքերով մի քանի հանդիպումներ: Յուրաքանչյուր թիմ ունի այնքան միավոր, ինչքանի արժանի է: Կանխատեսում անելը դժվար է: Մենք եկել ենք այստեղ հաղթելու համար:

Մենք չգիտենք, թե ինչպես վերջին հանդիպումներում կխաղա խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի հավաքականը: Մեր գործն այս երկու խաղերում լավ հանդես գալն է: Միջազգային խաղերում կարեւոր է երկրի պատիվը: Չեմ կարծում, որ Իտալիան միտումնավոր թույլ հանդես կգա դանիացիների դեմ: Սոֆիայում տեղի ունեցած խաղը իսկական պայքար էր: Համաձայն չեմ, որ իմ ֆուտբոլիստները հատուկ սադրանքների էին դիմում: Հայաստանի հավաքականն առաջին խաղում Մալթային հաղթելուց հետո էր ժամանել Սոֆիա, իսկ մենք միավորներ էինք կորցրել Իտալիայի հետ մրցավեճում: Դրա համար մեր հաղթելու ցանկությունն ավելի մեծ էր: Այլեւս չեմ ցանկանում խոսել առաջին շրջանի խաղի մասին»,- նշեց բուլղարացի մասնագետը: