Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի խախտման հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ։ Այդ մասին pastinfo-am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը լուսանկար էր տարածել, որտեղ երևում էր` ինչպես են հետևում քվեախցիկում զինծառայողի քվեարկությանը: ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ «չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը դրանից հետո պարզաբանեց, որ լուսանկարն արված է 29/13 տեղամասում, որը տեղակայված է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում: