Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հնարավոր հարձակմանը Բալթյան երկրների վրա։ Ինչպես պարզել է Bild-ը, ՆԱՏՕ-ն մշակել է գործողությունների երեք տարբերակ այն դեպքի համար, եթե ռուսական զորքերը հարձակվեն Էստոնիայի, Լատվիայի կամ Լիտվայի վրա։ Գլխավոր նպատակներն են կանգնեցնել առաջխաղացումը և հնարավորինս թուլացնել ռուսական ուժերը։


Առաջին փուլը հրթիռային և անօդաչու հարձակումների ճնշումն է։ Դրա համար ՆԱՏՕ-ն ծրագրում է օգտագործել մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և դրոններ՝ ռուսական հրթիռային համալիրները ոչնչացնելու համար։ Հիմնական թիրախներից մեկը կարող է դառնալ Կալինինգրադի մարզը, որտեղ տեղակայված են բազմաթիվ ՀՕՊ համակարգեր և հրթիռային համալիրներ։


Միաժամանակ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին ենթադրվում է ստեղծել այսպես կոչված «ինքնավար գոտի»։ Դրանում ՆԱՏՕ-ի զինծառայողներ չեն գտնվի․ առաջ շարժվող ռուսական զորքերի դեմ պետք է գործեն անօդաչուները և ցամաքային ռոբոտացված համակարգերը։

Հաջորդ փուլում ՆԱՏՕ-ն կարող է հարվածներ հասցնել արդեն Ռուսաստանի տարածքին։ Հատուկջոկատայինները պետք է ոչնչացնեն ռազմական և լոգիստիկ օբյեկտներ՝ օդանավակայաններ, պաշտպանական ձեռնարկություններ, կամուրջներ և երկաթուղիներ, որոնք օգտագործվում են զորքերի և տեխնիկայի տեղափոխման համար։ Դաշինքում նաև հույս են դնում Վլադիմիր Պուտինի դեմ հանդես եկող ռուսաստանցիների օգնության վրա։

Բացի այդ, ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել «օդային կամուրջ»՝ անօդաչուներ և ռոբոտներ Ռուսաստան տեղափոխելու համար։ Դրանք պետք է հարվածեն նաև օդանավակայաններին և ռազմական բազաներին։ Միաժամանակ դաշինքում ընդգծում են, որ չեն ծրագրում գրավել Ռուսաստանի տարածքը։ Խնդիրն է ռուսական զորքերը հետ մղել մինչև սահման։

Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում այս ծրագրերը գաղտնի պահել։ Զինվորականների կարծիքով՝ զսպումն աշխատում է միայն այն դեպքում, եթե հակառակորդը նախապես գիտի, թե ինչի հետ է բախվելու դաշինքի երկրի վրա հարձակման դեպքում։