«Ռելոկաց» նախագծի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Նազարովան պատմել է «Осторожно, новости»-ին, որ դեռ ապրիլին ռուսաստանցիների շրջանում տեղափոխվելու պահանջարկն աճել էր օտարերկրյա ծառայությունների արգելափակումների և այն ընդհանուր զգացողության պատճառով, որ «Ռուսաստանում սովորական կյանքը դառնում է ավելի ու ավելի քիչ կանխատեսելի»։ Նազարովայի խոսքով՝ հուլիսից աճը շարունակվել է։

«Ռելոկաց». Նոր մոբիլիզացիայի վախի պատճառով ռուսաստանցիների հետաքրքրությունը ՀՀ տեղափոխվելու նկատմամբ կտրուկ աճել է


«Այստեղ կարևոր է հստակեցնել. մենք տեսնում ենք ոչ միայն նրանց, ովքեր արդեն պատրաստ են գնել ուղեկցման ծառայությունը։ Մեզ մոտ ուղեկցումը վճարովի է, բայց բոտին կարող են գրել բոլորը, և մենեջերները անվճար պատասխանում են ցանկացած հարցի։ Այդ պատճառով մենք բավական լայն պատկեր ենք ստանում՝ թե մարդկանց ինչ վախեր ունեն հիմա, և թե որ երկրներն են դիտարկում», — պատմել է խմբագիրը։


Ընկերության վիճակագրության համաձայն՝ նախկինում օրական ստացվում էր մոտ 70 դիմում, հիմա՝ մոտավորապես 120։ Այսինքն՝ հոսքն աճել է մոտ 1,7 անգամ։ Միևնույն ժամանակ հիմա մարդիկ ավելի հաճախ գալիս են ոչ թե պարզապես «տեղափոխվելու մասին կարդալու», այլ ավելի հրատապ հարցումով՝ հասցնել մեկնել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր, ընտրել երկիրը, հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են պետք, պատմել է Նազարովան։


Նա հավելել է, որ էմիգրացիայի հարցում օգնության համար դիմում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ Նրանցից ոմանք հարցնում են ամուսնու, որդու կամ զուգընկերոջ տեղափոխության մասին. ձևականորեն հայտը թողնում է կինը, բայց իրական հարցումը կապված է տղամարդու տեղափոխության հետ։

«Տարիքի առումով ամենից հաճախ դրանք մինչև 40 տարեկան մարդիկ են, շատ են 18-ից 35 տարեկանների դիմումները։ Նկատելի են նաև նրանց հարցումները, ովքեր 18 տարեկան են կամ շուտով կդառնան 18, ինչպես նաև այն ծնողների հարցումները, որոնք մտածում են երեխայի՝ արտերկրում կրթություն ստանալու մասին։ Հստակ վիճակագրություն հենց 18–30 տարեկան տղամարդկանց վերաբերյալ մենք չենք վարում, բայց թիմի զգացողությամբ նման հարցումներն ավելացել են», — հավելել են «Ռելոկաց»-ում։

Էմիգրացիայի հիմնական պատճառների թվում են լարված իրավիճակը, նոր մոբիլիզացիայի վախը, աշնանային իրադարձություններից առաջ մեկնելու ցանկությունը, Ռուսաստանում կյանքից հոգնածությունը, ինչպես նաև այնպիսի երկիր գտնելու ցանկությունը, որտեղ կարելի է հանգիստ ապրել, աշխատել, սովորել և երկարաժամկետ ծրագրեր կառուցել։ Ծառայությունների արգելափակումները շարունակում են մնալ կարևոր ֆոն, բայց այժմ ավելի հաճախ հնչում է ոչ թե մեկ կոնկրետ պատճառ, այլ ընդհանուր զգացողություն՝ «պետք է պատրաստել պահեստային պլան»։ Ամենահայտնի ուղղություններն են՝ Սերբիա, Հայաստան, Վրաստան։ Հաճախորդները նույնպես հիմնականում դիմում են այն հարցմամբ, որ պետք է մեկնել հենց «հիմա», բայց միևնույն ժամանակ մեծամասնությունը, այնուամենայնիվ, ուզում է ոչ թե պարզապես մի քանի ամիս սպասել, այլ գտնել մի երկիր, որտեղ կկարողանան երկար ապրել։