Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։ «Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն, և հասկանալի է` արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ, - շեշտել է վարչապետը։ - Հայտերն ստացել ենք մարզպետներից, պահանջարկը գնահատվել է։ Գինը, որով մենք տալու ենք` հաշվի առնելով ներքին հանրապետական գները, շուկայականից ցածր է, և շուրջ 40 տոկոսով մենք փաստորեն սուբսիդավորում ենք։ Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ մեծ ծավալի կորնգան ենք ներկրում` առաջին անգամ շուրջ 530 տոննա, որը հիմնականում որպես կեր է օգտագործվում և որն էապես փոխելու է իրավիճակը»։ 
Հաջորդ որոշմամբ գործադիրը սերմացուի ներկրման համար նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ, որից մոտ 616 միլիոնը պետք է ծախսվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Տնտեսական կառուցվածքային բարեփոխման աջակցություն» դրամաշնորհային միջոցների հաշվին։