Հնագետները պարզել են 2022 թվականին Լեհաստանի Պեն բնակավայրի գերեզմանատանը հայտնաբերված երիտասարդ կնոջ անսովոր թաղման հանգամանքները։
Մոտ 400 տարի առաջ նրան թաղել էին երկաթե մանգաղով, որը դրվել էր ուղիղ պարանոցին՝ սայրը դեպի կոկորդ, իսկ ձախ ոտքի բութ մատին ամրացրել էին եռանկյունաձև երկաթե կողպեք։ Հետազոտողները կարծում են, որ նման միջոցները կարող էին լինել կենդանիներին մահացածից պաշտպանելու ծեսի մի մասը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science: Reports ամսագրում։
Աճյունների վերլուծությունը ցույց է տվել, որ կինը եղել է ընդամենը 17–19 տարեկան։ Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տալիս, որ նրան, ամենայն հավանականությամբ, թաղել են 1620-ից 1674 թվականների միջև։ Միևնույն ժամանակ, նա սերում էր ապահովված ընտանիքից. նրա գանգի մոտ հայտնաբերվել են մաքուր արծաթից և ոսկեջրած մետաղալարից պատրաստված չափազանց նուրբ մետաղական թելեր, որոնք, հավանաբար, թանկարժեք մետաքսե գլխազարդի մաս էին կազմում։
Սակայն, չնայած բարձր կարգավիճակին, աղջիկը կարող էր տառապել սննդի պակասից։ Ոսկրերի վերլուծությունը ցույց է տվել կենդանական սպիտակուցի շատ ցածր օգտագործում։ Գիտնականները նաև հայտնաբերել են անսովոր կանաչ հետքեր քիմքի և պարանոցի ոսկորների վրա։ Նրանք ենթադրել են, որ մահից քիչ առաջ կամ անմիջապես հետո բերանի կամ քթի մեջ կարող էին տեղադրել պղինձ պարունակող որևէ առարկա կամ դեղանյութ։
Առանձնահատուկ նշանակություն ունի հենց գերեզմանի վիճակը։ Դատելով ոսկորների դիրքից և հողի բաղադրությունից՝ այն բացվել էր դեռևս մինչև մարմնի լիակատար քայքայումը։ Հենց այդ ժամանակ էլ կարող էր տեղադրված լինել մանգաղը, որի բռնակը պատրաստված էր կեչուց՝ մի ծառից, որին անցյալում վերագրում էին կախարդական պաշտպանիչ հատկություններ։
Նման թաղումները, որոնք հնագետները կոչում են «վամպիրական» կամ հակադիվական, հայտնի են Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում։ Որպեսզի մահացածները չկարողանան վերադառնալ, մարմինների վրա դնում էին ծանր առարկաներ, օգտագործում էին մանգաղներ, ցցեր կամ շարժումները սահմանափակող այլ միջոցներ։
Հետազոտողները ենթադրում են, որ Պեն բնակավայրի գերեզմանատունը կարող էր հատուկ տեղ լինել այն մարդկանց թաղման համար, որոնց համայնքը համարում էր վտանգավոր կամ օտար։ Այն գտնվում էր գյուղից հեռու՝ խաչմերուկի մոտ, և դրա մասին պատմական հիշատակումներ չեն պահպանվել։ Բացակայում էին նաև կաթոլիկ խաչերը, ինչը կարող է վկայել բողոքական միջավայրի մասին։
Գիտնականների կարծիքով՝ գտածոն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ XVII դարի Լեհաստանի բնակիչների վախերն ու սնահավատությունները, երբ հիվանդությունները, սովը և այլ դժբախտություններ հաճախ կապում էին մահացածների գործողությունների հետ։



