Հայաստանի իշխանությունների՝ մինչև 2029 թվականը Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու հայտարարությունների ֆոնին Բրյուսելից հնչել է ուշագրավ պարզաբանում․ Եվրահանձնաժողովը 2029 թվականը որպես վիզաների ազատականացման վերջնաժամկետ չի հաստատում։
Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողը ուղիղ հարցրել է՝ իրատեսակա՞ն է արդյոք, որ մինչև 2029 թվականը Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մեկնել եվրոպական երկրներ, և կարելի՞ է 2029-ը դիտարկել որպես թիրախային ժամկետ։
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոյի պատասխանը հստակ էր.
«Վիզաների ազատականացումը ե՞րբ տեղի կունենա։ Դեռ վաղ է դա ասել»։
Պինյոն հավելել է, որ Եվրամիությունը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը և այժմ Երևանի հետ քննարկում է մի շարք ուղղություններ։ Ըստ նրա՝ երբ այդ ուղղություններով գործընթացները հասունանան, հնարավոր կլինի անցնել Հայաստանի հետ մերձեցման և համագործակցության «հաջորդ փուլին»։
Այս պատասխանը հատկապես ուշագրավ է Հայաստանի կառավարության սահմանած քաղաքական թիրախի համատեքստում։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված 2026-2031 թվականների ծրագրում առկա է իշխանության համապատասխան ծրագրային փաստաթուղթը։
Մինչդեռ ԵՄ պաշտոնական փաստաթղթերում գործընթացի ավարտի համար կոնկրետ թվական սահմանված չէ։ Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցում բառացիորեն արձանագրված է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր չափանիշները կատարելու համար։
Այսինքն՝ առանց վիզայի ռեժիմի ներդրումը կապված է ոչ թե նախապես որոշված տարվա, այլ Հայաստանի կողմից պահանջների կատարման հետ։
Եվրահանձնաժողովը 2025 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանին փոխանցել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է բարեփոխումներ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, հասարակական կարգի ու անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտներում։ Եվրահանձնաժողովը պարբերաբար գնահատելու է Հայաստանի առաջընթացը։
Ավելին՝ ԵՄ պաշտոնական փաստաթղթով գործընթացը փուլային է։ 2026 թվականին հրապարակված առաջին առաջընթացի զեկույցը հիմնականում գնահատել է օրենսդրական և քաղաքական շրջանակը, իսկ հաջորդ փուլում պետք է գնահատվի արդեն բարեփոխումների գործնական իրականացումը։
Այսպիսով, Երևանի և Բրյուսելի ձևակերպումների միջև էական տարբերություն կա. 2029 թվականը Հայաստանի իշխանությունների սահմանած քաղաքական նպատակն է, սակայն ԵՄ-ի կողմից երաշխավորված կամ համաձայնեցված ժամկետ չէ։ Բրյուսելը որևէ ամսաթիվ չի խոստանում և գործընթացի ավարտը կապում է Հայաստանի կողմից բոլոր չափանիշների կատարման հետ։
Ուստի, երբ Հայաստանում 2029 թվականը հանրությանը ներկայացվում է որպես առանց վիզայի Եվրոպա մեկնելու հեռանկար, պետք է հաշվի առնել Եվրահանձնաժողովի պաշտոնական պատասխանը՝ «դեռ վաղ է ասել»։


