Սեպտեմբերի 7-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայէկոնոմբանկը հոբելյանական միջոցառմամբ ամփոփեց իր 35-ամյա գործունեությունը՝ վերհաստատելով իր հանձնառությունը՝ ակտիվորեն խթանել Հայաստանի կայուն տնտեսական զարգացումը և լինել հուսալի ֆինանսական գործընկեր իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների համար:
Երեկոյին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության, օրենսդիր մարմնի, ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության ղեկավարներ, ֆինանսական ոլորտի գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բանկի երկարամյա աշխատակիցներ, բաժնետերեր և հավատարիմ հաճախորդներ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Քայլ առ քայլ» տեսաֆիլմը, որը պատմում է Հայէկոնոմբանկի հիմնադրման և կայացման ճանապարհի մասին: Ներկայացվեցին Բանկի հիմնական ձեռքբերումներն ու նվաճումները՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձը, բարձր մասնագիտական որակավորում ունեցող թիմի առկայությունը, կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորումը ու բանկային շուկայում զբաղեցրած դիրքերը: Որպես կարևոր ձեռքբերում՝ ընդգծվեց Բանկի համբավն ու այն վստահությունը, որ հաճախորդներն ու գործընկերները տածում են Բանկի նկատմամբ:
35 տարիների ընթացքում Հայէկոնոմբանկի գրանցած արդյունքները տպավորիչ են.
- Հաճախորդների անվերապահ վստահություն. Բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների քանակը հատել է 475,000-ի սահմանը։
- Բաժնետերերի լայն բազա. լինելով բաց բաժնետիրական ընկերություն՝ Հայէկոնոմբանկն այսօր համախմբում է ավելի քան 7,400 բաժնետերերի, և այդ թիվը շարունակաբար աճում է։
- Ուժեղ և ընդլայնվող թիմ. Բանկի պրոֆեսիոնալ թիմն այսօր միավորում է ավելի քան 1,000 աշխատակիցների:
Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն իր ելույթում նշեց, որ Բանկն անցել է բարդ փուլերով ՝ ապացուցելով իր կենսունակությունը, ճկունությունն ու անսասան հավատարմությունը սեփական արժեքներին.
«Հայէկոնոմբանկի ճանապարհը սերտորեն կապված է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման պատմության հետ։ Մեր որդեգրած ռազմավարության հիմքում եղել են թափանցիկ գործելաոճը և պետության հանդեպ պատասխանատվությունը: 35 տարի շարունակ մեր նպատակն է եղել ստեղծել բանկ, որը կլինի ոչ միայն ֆինանսական կայունության խորհրդանիշ, այլև ազգային տնտեսության աճի և վստահության հուսալի հենասյուն։ Եվ այս համատեքստում հպարտ եմ արձանագրել, որ մեր անմիջական ավանդն ենք ունեցել երկրի տնտեսական կայունության ապահովման գործում՝ տարեցտարի հաստատելով մեր դիրքերը` որպես խոշոր և օրինակելի հարկատու։
Արդեն 35 տարի Հայէկոնոմբանկն իր ուրույն տեղն ունի Հայաստանի բանկային համակարգում: Բանկի հաջողությունը չի չափվում միայն ֆինանսական ցուցանիշներով. այն չափվում է այն ազդեցությամբ, որը Բանկն ունենում է երկրի տնտեսական միջավայրում, և այն պատասխանատվությամբ, որը ձևավորվում է տասնամյակների ազնիվ աշխատանքով»:
Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով Բանկի հաճախորդներին և գործընկերներին 35-ամյա ճանապարհը Հայէկոնոմբանկի հետ կիսելու համար, նշեց.
«35 տարին պարզապես ժամանակահատված չէ։ Դա հազարավոր մարդկանց հետ անցած ճանապարհ է՝ կարևոր որոշումներ, հաղթահարված մարտահրավերներ և բազմաթիվ ձեռքբերումներ: Մեր հաճախորդներից շատերը մեզ հետ են տասնամյակներ շարունակ. յուրաքանչյուր ձեռքբերված տուն, ընդլայնված բիզնես, ստեղծված աշխատատեղ կամ կրթություն ստացած ուսանող մեր համատեղ հաջողությունն է:
Մենք շնորհակալ ենք այս պարտավորեցնող վստահության համար և հպարտ ենք, որ մեր գործունեությամբ կարողացել ենք նպաստել նաև ձեռնարկատիրության առաջընթացին և ներդրումային միջավայրի ակտիվացմանը»:
Հոբելյանական երեկոն ուղեկցվում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ հայկական մոտիվներով համեմված կատարումներով և հանրահայտ ջազ երգչուհի Նինո Կատամաձեի ելույթով:
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Վահանգ Խաչատուրյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ ընդգծելով ֆինանսաբանկային համակարգի կարևոր դերակատարումը երկրի տնտեսական կայունության ապահովման գործում:
Տեսաբացիկների միջոցով իրենց շնորհավորական ուղերձները հղեցին Բանկի միջազգային գործընկերները՝ շնորհակալություն հայտնելով երկարամյա վստահելի համագործակցության համար:
Միջոցառումն ամփոփվեց Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած «Կամերտոն» մանկական վոկալ ստուդիայի և Empyray խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի տպավորիչ կատարմամբ, որի ընթացքում հնչեց Հայէկոնոմբանկի հիմնը՝ նոր և ժամանակակից գործիքավորմամբ:
Վստահորեն քայլելով դեպի ապագա՝ Հայէկոնոմբանկի հանձնառությունն ու առաքելությունը մնում են անփոփոխ՝ լինել Հայաստանի կայուն տնտեսական զարգացումը խթանող հուսալի ֆինանսական կառույց և վստահելի գործընկեր իր հաճախորդների և բաժնետերերի համար:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


