Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում բուլղարացիներին 2:1 հաշվով հաղթելուց հետո մեկնաբանել է Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումը,այս մասին գրում է sport.news.am-ը:
Հիշեցնենք, որ Սոֆիայում կայացած թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էին բուլղարացիները: «Բոլորն էլ տեսան, որ մենք ոչ մի սադրանքի չդիմեցինք, խաղացինք մաքուր կանոններով: Ոմանց կարող է թվալ, որ հեշտ հաղթանակ էր, սակայն դա այդպես չէ. ծանր հաղթանակ էր: Ամենակարեւորն այն է, որ տղաները մինչեւ վերջ կարողացան կատարել իրենց առաջադրանքը: Թող բուլղարացիները տեսնեն, թե ուր են եկել եւ հասկանան, որ մենք մարդ ենք, ոչ թե իրենց պես ոչ մարդկային հատկանիշներով օժտված մարդիկ: Թող նայեն մեզ` հայերիս եւ մի քիչ կուլտուրա սովորեն: Նույնիսկ 1:1 հաշվի ժամանակ ես վստահ էի, որ մենք հաղթելու ենք: Վստահ էի, որովհետեւ մեր տղաների աչքերում տեսնում էի հաղթելու ցանկությունը , կրակը: Նրանք ցանկանում էին ժողովրդին ապացուցել, որ չնայած մեկ տարուց ավելի Հայաստանում հաղթանակ չեն տոնել, նրանք կարող են հաղթել: Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին. նրանց ովքեր մարզադաշտում էին եւ նրանց, ովքեր հեռուստացույցներից այն կողմ էին երկրպագում: Այս հաղթանակը մեր ազգի հաղթանակն է: Լավ տրամադրությամբ մեկնում ենք Իտալիա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Բուլղարիայի հավաքականը 13 միավորով մնաց B խմբի երկրորդ տեղում: Հայաստանի հավաքականը 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Առաջատարը ուղեգիր նվաճած Իտալիան է՝ 20 միավոր: Երկրորդ տեղի հավակնորդ Չեխիայի հավաքականն այս պահին մրցում է Մալթայի հետ եւ հաղթում է 1:0 հաշվով, իսկ դանիացիները հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվեն Իտալիային:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի