ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Սպիտակ տունը «թշնամի» կհամարի յուրաքանչյուրին, ով չի ընդունի իր նախընտրած «գերբանականություն» եզրույթը: Սպառնալիքը հնչել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նա ստորագրել է հրամանագիր, որով արհեստական բանականությունը վերանվանվել է «գերբանականություն», գրում է Politico-ն։
Թրամփը հիմնականում մերժել է արհեստական բանականության զարգացումը զսպելու կոչերը: Սպիտակ տանը նա հանդիպել է ընկերությունների ղեկավար միլիարդատերի հետ՝ հաստատելու, որ արագ զարգացող տեխնոլոգիան ընդհանուր առմամբ դրական է աշխարհի համար, ինչպես նաև անհրաժեշտ է տնտեսական աճի և ազգային անվտանգության համար:
ԱՄՆ նախագահը պնդում է, որ «գերբանականությունն» ավելի լավ է արտացոլում տեխնոլոգիայի հնարավորությունները, և արդյունաբերության որոշ ղեկավարների համոզել է օգտագործել այդ եզրույթը:
Պարբերականը նշել է, որ Սպիտակ տունն արդեն թարմացրել է «արհեստական բանականության» (Artificial Intelligence-AI) վերաբերյալ իր կայքը՝ փոխարինելով «գերբանականություն» (Super Intelligence-SI)-ով: Իլոն Մասկը՝ տեխնոլոգիական ոլորտի հսկան, որը նախագահի հետ փոփոխական բնույթի հարաբերություններ է ունենում, կիրակի X հարթակում հայտարարել է, որ իր AI ընկերությունը՝ SpaceXAI-ն, կվերանվանի SpaceXSI-ի։
Politico-ն հիշեցրել է, որ իր նախագահության ընթացքում Թրամփը փորձել է ռեբրենդինգ անել մի քանի օբյեկտ, այդ թվում ՝ Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց, իսկ Օնտարիո լիճը ՝ Ամերիկա լիճ։


