Համաշխարհային տնտեսությունը առայժմ դիմանում է Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքներին և էներգակիրների գների կտրուկ աճին, սակայն նոր ցնցումներին դիմակայելու նրա կարողությունն աստիճանաբար թուլանում է։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում է, որ նավթի պաշարների կրճատումը, աճող պարտքային բեռը և արհեստական բանականության բումից կախվածությունը գլոբալ տնտեսությունն ավելի ու ավելի խոցելի են դարձնում։

«Առանց արտադրական հնարավորությունների ամրապնդման և տնտեսական քաղաքականության պահուստների վերականգնման՝ համաշխարհային տնտեսությունը շուտով կարող է բախվել իր կայունության սահմաններին», — հիմնադրամի բլոգում գրել է ԱՄՀ տնտեսական հարցերով խորհրդական Սիլվանա Տենրեյրոն։

ԱԲ-ն աջակցում է աճին, բայց ուժեղացնում է ռիսկերը

Ինչպես գրում է Axios-ը, համաշխարհային տնտեսությանը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու հարցում օգնող գործոններից մեկը դարձել են արհեստական բանականության տեխնոլոգիաներում ներդրումները։ Սակայն ԱՄՀ-ի գնահատմամբ՝ դրանք նաև լրացուցիչ խոցելիություն են ստեղծում․ գլոբալ տնտեսական աճի ավելի ու ավելի մեծ մասը կախված է համեմատաբար փոքր թվով ընկերություններից, ճյուղերից և երկրներից։

Եթե ԱԲ-ի շնորհիվ խոստացված արտադրողականության աճը չարդարացնի սպասումները, ներդրումները կարող են կտրուկ կրճատվել, իսկ ֆինանսական շուկաները՝ բախվել շտկման։ Այդպիսի սցենարի դեպքում համաշխարհային ՀՆԱ-ն մինչև 2028 թվականը կլինի ԱՄՀ-ի բազային կանխատեսումից 1,1%-ով ցածր։ ԱՄՆ-ի համար հետևանքները կարող են ավելի լուրջ լինել․ նրա ՀՆԱ-ն կլինի սպասվող մակարդակից 1,8%-ով ցածր։

Միևնույն ժամանակ ռիսկեր կան նաև ներդրումային բումի շարունակման դեպքում։ ԱԲ-ում լայնածավալ ներդրումները կարող են լրացուցիչ կերպով արագացնել գնաճը և ստիպել կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները։

Այնուամենայնիվ, հնարավոր է նաև ավելի բարենպաստ տարբերակ։ Եթե ԱԲ-ում ներդրումները շարունակեն արագ աճել, իսկ խոստացված տեխնոլոգիաներն իսկապես արագացնեն արտադրողականության բարձրացումը, ապա մինչև 2029 թվականը համաշխարհային ՀՆԱ-ն կարող է լինել բազային կանխատեսումից 0,6%-ով բարձր։

Համաշխարհային աճը պահպանվում է, գնաճը՝ արագանում

Չնայած Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով էներգակիրների մատակարարումների երկարատև խափանումներին՝ ԱՄՀ-ն ընդհանուր առմամբ պահպանել է 2026 թվականի գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը և բարձրացրել սպասումները հաջորդ տարվա համար։

Հիմնադրամը ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 3,1%-ով, իսկ 2027-ին՝ 3,4%-ով։ 2026 թվականի կանխատեսումը չի փոխվել ապրիլյան գնահատականի համեմատ, իսկ 2027 թվականի համար այն բարձրացվել է 0,2 տոկոսային կետով։

ԱՄՀ-ի հաշվարկներով՝ ԱՄՆ տնտեսությունը երկու տարում էլ կաճի 2,3%-ով, ինչը G7 երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ ԱՄՆ-ի համար 2027 թվականի կանխատեսումը նույնպես բարելավվել է 0,2 տոկոսային կետով։

Սակայն էներգակիրների և պարենամթերքի ավելի բարձր գները հիմնադրամին ստիպել են վերանայել գնաճային սպասումները դեպի բարձրացում։ Այժմ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ գլոբալ գնաճը 2026 թվականին կկազմի 4,7%, իսկ 2027-ին՝ 4,1%։

Նավթի պաշարները օրական կրճատվում են միլիոնավոր բարելներով

Պատճառներից մեկը, թե ինչու է տնտեսությունն առայժմ դիմանում էներգետիկ շոկին, կուտակված նավթային պաշարների օգտագործումն ու մատակարարումների վերաուղղումն է։ Սակայն այս մեխանիզմը չի կարող անվերջ աշխատել։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ նավթի համաշխարհային պաշարները կրճատվում են օրական մոտ 2,7 մլն բարելով։ Որքան երկար պահպանվեն մատակարարումների խափանումները, այնքան քիչ հնարավորություններ կմնան դրանց հետևանքները պահուստների հաշվին մեղմելու համար։ Սա բարձրացնում է նավթի գների կտրուկ թռիչքի ռիսկը։

Միաժամանակ պետությունների մոտ մանևրի համար ավելի քիչ տարածք է մնում աճող պարտքի պատճառով։ Եթե նոր ճգնաժամը պահանջի տնտեսության լայնածավալ ֆինանսական աջակցություն, իշխանությունների համար կարող է ավելի դժվար լինել այն տրամադրել առանց լրացուցիչ ծախսերի։

Կանխատեսումներում երեք տարվա սխալները ապագա կայունության երաշխիք չեն

ԱՄՀ-ն արդեն երեք տարի անընդմեջ թերագնահատում է համաշխարհային տնտեսության աճի տեմպերը։ Սա կարող է ցույց տալ, որ երկրները սովորել են ավելի լավ հարմարվել ցնցումներին և գտնել դրանց հետևանքները փոխհատուցելու ուղիները։

Սակայն ներկայիս կայունությունը չի նշանակում, որ տնտեսությունը նույնքան հաջողությամբ կկարողանա հաղթահարել հաջորդ ճգնաժամը։ Հիմնադրամի կարծիքով՝ էներգետիկ ռիսկերի, սահմանափակ պետական պահուստների և ԱԲ-ում ներդրումների կենտրոնացման համադրությունը կարող է նոր շոկի հետևանքները զգալիորեն ավելի լուրջ դարձնել։

Այս հարցերը կդառնան ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների քննարկման մաս։ Գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես ամրապնդել տնտեսությունը մինչև դրա նոր փորձության բախվելը։