Այսօր` հոկտեմբերի 12-ին, Հայաստանում նշվում է ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը:
Ծխելը պայմանավորված է և ֆիզիկական, և հոգեբանական կախվածությամբ:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը համոզված է, որ այդ կախվածությունը շատ ավելի հզոր է համարվում, քան ալկոհոլի հանդեպ կախվածությունը, քանի որ մարդը ծխում է ամեն օր և ոչ մեկ անգամ: «Իմ համոզմամբ և իմ հետազոտությունների հավաստիությամբ` հոգեբանական կախվածությունն ավելի մեծ է, քան ֆիզիկականը: Երբ մարդն իմանում է, որ իր մոտ թոքերի քաղցկեղ է, ճմռթում և մի կողմ է գցում ծխախոտի տուփը, ծխելու ոչ մի ցանկություն չի հայտնում և հաջողությամբ թողնում է այն»,- նշեց հոգեբանը` օրինակ բերելով նաև իր փորձը, երբ 35 տարի ծխելուց հետո 20 րոպեի ընթացքում թողել է այն և արդեն երկար ժամանակ է` չի ծխում:

«Ինձ համար 2-3 օր հետո սարսափելի տհաճ էր ծխախոտի ծուխը, իսկ այն ծխողները, որոնք համարում են, որ ծխելը թողել են մեծ տառապանքներից հետո, նրանք երազում են տեսնում ծխախոտը, կանգնում են ծխողների կողքին, որպեսզի ներքաշեն այդ ծուխը: Այստեղ, կարծում եմ, հոգեբանական պահեր են»,- ավելացրեց Խուդոյանը` նշելով, որ ամենավտանգավոր հոգեբանական պահն այն է, որ մարդիկ մտածում են, թե ծխելն իրենց հաճույք է պատճառում: Հոգեբանի խոսքերով` սա ներշնչանք է:

«Եթե մենք հիշենք` առաջին անգամ մեր ծխած ծխախոտն ու խմած խմիչն ինչպիսի տհաճություն են առաջացրել մեր մեջ, օրգանիզմն ինչ բունտ է արել այդ ժամանակ, մենք կհասկանանք, որ իրականում հաճույք լինել չի կարող: Եթե ես գլուխս խփում եմ պատին, քանի որ դա ինձ հաճույք է պատճառում, ապա դա իսկապես հաճույք կպատճառի: Իրականում ոչ մի հաճույք էլ չկա. դա ինքնախաբեություն է»,- գնահատեց հոգեբանը:

Հոգեբանի համոզմամբ` հրաժարվելով այդ պատկերացումից և գիտակցելով, որ դա ինքնախաբեություն է, մարդու համար կմնա մյուս պայմանները: Այսինքն` երբ մարդը համոզված է, որ ամեն բան հնարավոր է, բացի ծխելը թողնելուց, քանի որ ինքն ունի ֆիզիկական կախում:

«Սա մյուս թյուր կարծիքն է: Իսկ հաջորդ կարևոր պահը սովորությունն է: Երբ մարդը ժամային ռեֆլեքսներով ծխում է. առավոտյան սուրճի հետ, ընկերների միջավայրում, ընդմիջմանը, նաև այն ժամանակ, երբ լրանում է ժամը: Այս ռեֆլեքսներն առաջացնում են պահանջմունք: Ցանկացած գործողություն, որը պարբերաբար կրկնվում է, առաջանում է դրա պահանջը», ասաց Խուդոյանը:

Նա նաև նշեց, որ ծխել վաղ տարիքից սկսում են տղաները: Հայաստանում, հոգեբանի խոսքերով, շատ էին ծխում 70-ականներին, երբ հայերն ասում էին` մենք էլ ենք տղամարդ, Ֆրանսիայում ծխում են, մենք նույնպես պետք է ծխենք: Իսկ դեռահասները ծխում են ինքնահաստատվելու և տղամարդ երևալու համար:

«Նյուտոն Էրիքսոնը լավ խորհուրդ էր տալիս, ասում էր, եթե ցանկանում եք թողնել ծխելը, ծխախոտի տուփը դրեք կտուրին, կրակայրիչը` նկուղում, և ամեն անգամ ծխել ցանկանալիս պետք է բարձրանաք ու իջնեք: Որքան շատ տհաճ բան եք կապում ծխախոտի հետ, այնքան ավելի արագ ու հեշտ եք թողնում ծխելը: Ծխողը հետագայում համարվում էր գիտակցության ցածր մակարդակի, հասարակույթյան ցածր խավի, ինտելեկտի ցածր մակարդակ ունեցող անձ»,- ներկայացրեց Խուդոյանը:

Հոգեբանի համոզմամբ` ծխելը թողնելու համար կարևոր է տհաճություն և զզվանք զգալ դրա հանդեպ և հասկանալ, որ վնասներից բացի, այն ուրիշ ոչ մի ազդեցություն չի թողնում:

Նա նաև հավելեց, որ հոգեբանական ազդեցություններց է այն, որ, գիտակցելով վտանգի մասին, մարդը միևնույնն է ծխում է: