Ճապոնիայի ընդարձակ տարածքներում և ջրային տիրույթներում մեկնարկել են ամերիկա-ճապոնական «Keen Sword» լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 57 հազար մարդ։ «Kyodo» գործակալության փոխանցմամբ՝ դրանք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 29-ը և կընդգրկեն Թայվանի գոտուց մինչև երկրի ամենահյուսիսային՝ Հոկայդո կղզի ընկած հատվածը։
Ճապոնական կողմից զորավարժություններին կներգրավվի 45 հազար զինվոր ու սպա, ամերիկյան կողմից՝ մոտ 12 հազար, ինչպես նաև մինչև 300 ինքնաթիռ, ռազմանավեր և մեծ քանակությամբ ցամաքային տեխնիկա։ Նախատեսվում է ևս 7 երկրի, այդ թվում՝ Ավստրալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ստորաբաժանումների մասնակցությունը։
Վարժանքների ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն շուրջ 1000 կմ հեռահարությամբ ճապոնական ցամաքային բազավորման «Տիպ-25» նոր շարժական հրթիռները։ Երկու երկրների զինվորականները կմշակեն նման սպառազինության նշանառման և կիրառման փոխգործակցությունը, սակայն հրթիռների իրական արձակումներ չեն իրականացվի։
ԱՄՆ զինված ուժերը զորավարժությունների ժամանակ առաջին անգամ ճապոնական Յոնագունի կղզում կտեղակայեն անօդաչու թռչող սարքերի և ցածր թռչող այլ թիրախների դեմ պայքարելու համար նախատեսված NMESIS նորագույն անօդաչու շարժական հրթիռային համալիրներն ու MADIS շարժական կայանքները։
Հոկայդո կղզում և Ճապոնիայի գլխավոր՝ Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում կանցկացվեն բալիստիկ հրթիռների և ավիահարվածների հետմղման վարժանքներ, իսկ Ճապոնիայի տարբեր շրջաններում կիրականացվեն պարաշյուտային և ծովային դեսանտի իջեցումներ, կմշակվի փոխգործակցությունը վիրավորներին տարհանելիս։ Նախատեսվում է նաև տիեզերքում և կիբեռտարածությունում հնարավոր հարձակումների դեպքում համապատասխան գործողությունների մշակում։ «Keen Sword» զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ հաջորդելով ամերիկա-ճապոնական «Keen Edge» հրամանատարաշտաբային վարժանքներին։
Պարբերականը նաև հայտնել է, որ մանևրներին կմասնակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի «Theodore Roosevelt» ատոմային ավիակիրը՝ իր հարվածային խմբի նավերի ուղեկցությամբ։
Հոկտեմբերի 19-ին «Theodore Roosevelt»-ը հեռացել է Տոկիոյի ծոցի մուտքի մոտ գտնվող ամերիկյան Յոկոսուկա ռազմածովային բազայից, որտեղ կայանել էր հոկտեմբերի 16-ին՝ անձնակազմի հանգստի և պաշարների համալրման նպատակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ավիակիրն իր ուղեկցող նավերով պետք է լրացնի Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերի թուլացումը, որն առաջացել էր այս տարվա մայիսին այնտեղ մշտապես տեղակայված և «George Washington» ատոմային ավիակրի գլխավորած հարվածային խումբն Արաբական ծով տեղափոխելու պատճառով։
«Theodore Roosevelt»-ը կարող է կրել մինչև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այն ուղեկցվում է հրթիռային էսկադրային ականակիրներով, առնվազն մեկ հրթիռային հածանավով, ինչպես նաև հարվածային ատոմային սուզանավով։


