Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի. նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
Նրանցից մեկի նկատմամբ (տղամարդուն նկարահանող կինը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը (խուլիգանությունը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Մյուս անձի նկատմամբ (ենթադրաբար իր կնոջը վիրավորող տղամարդը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։


