Աբու Դաբիում Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ եռակողմ բանակցությունների առաջին օրը ռուսական պատվիրակությունը պահանջել է ՆԱՏՕ-ի նկատմամբ մի շարք սահմանափակումներ կիրառել։ Մոսկվայի պահանջները ներառում են դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարումը, 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրներում ռազմական ներկայության կրճատումը, ինչպես նաև Ուկրաինայի և հետխորհրդային այլ պետությունների հետ ռազմական համագործակցության սահմանափակումը, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով բանակցությունների մասնակիցներին։
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունն իր պահանջները հիմնավորել է Ռուսաստանի համար «անվտանգության երաշխիքների» անհրաժեշտությամբ։ Մոսկվայի պնդմամբ՝ խոսքը եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ առաջարկների մասին է, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2022 թվականի ձմռանը փորձում էր առաջ մղել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի հետ երկխոսության ընթացքում։
Դեռ Աբու Դաբիի հանդիպումից առաջ The Telegraph-ը գրել էր, որ Պուտինը ԱՄԷ-ում բանակցությունները դիտարկում է որպես հնարավորություն՝ ՆԱՏՕ-ին ստիպելու հրաժարվել դեպի արևելք ընդլայնումից և դաշինքի առանցքային ենթակառուցվածքները վերադարձնել 1997 թվականի սահմաններին։ Մոսկվան դաշինքին նմանատիպ պայմաններ է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից առաջ։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այն ժամանակ ՆԱՏՕ-ից պահանջում էր «հավաքել իրերն ու հեռանալ»՝ դաշինքին մեղադրելով Ռուսաստանին «հետ մղելու» և «նրան ենթակայի դերում դնելու» ձգտման մեջ։
The Telegraph-ի աղբյուրներն ընդգծել էին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար նման պայմաններն անընդունելի են։ «1997 թվականի սահմաններին» վերադարձը ենթադրում է առնվազն ՆԱՏՕ-ի զորքերի և սպառազինության դուրսբերում ներկայիս 32 անդամ պետություններից 16-ից։ Դրանց թվում են Վարշավյան պայմանագրի կազմակերպության նախկին անդամները, Բալթյան երկրները, նախկին Հարավսլավիայի վեց հանրապետություններից չորսը, ինչպես նաև Ալբանիան, Ֆինլանդիան և Շվեդիան։
Ավելի վաղ Աբու Դաբիի բանակցություններում Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը չէր ընդունել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանների վերաձևման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Պատվիրակությունը նաև դաշնակիցներից ֆինանսավորում էր խնդրել՝ պատերազմի ավարտից հետո տասը տարի շարունակ 800-հազարանոց բանակ պահելու համար։
Եվրամիության ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել Ռուսաստանի հետ քննարկել Սառը պատերազմի ժամանակ կիրառված՝ ռազմական հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներին վերադարձը և ԱՄՆ-ի հետ միասին մայրցամաքի անվտանգության մեխանիզմները վերանայելը։ Ամերիկյան պատվիրակությունն իր հերթին Պուտինին առաջարկել էր համաձայնել ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի հոդվածների օրինակով։


