Սաուդյան Արաբիան նոյեմբերի 16-ին փոխել է Եմենում հութիների դեմ կռվող ուժերի հրամանատարին՝ Կարմիր ծովի ափին գտնվող քաղաքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու անհաջողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թագավորի հրամանագիրը։
Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ֆահդ բին Համադ բին Աբդուլազիզ Ալ Սալմանը նշանակվել է պաշտպանության նախարարի՝ ռազմական հարցերով խորհրդական։ Իսկ գեներալ-լեյտենանտ Ֆայադ բին Համեդ բին Ռաքադա Ալ Ռուվայլին իր ներկայիս պարտականություններին զուգահեռ կզբաղեցնի նաև Միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնը։
Reuters-ի զրուցակիցներն այս կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապում են Եմենում տիրող իրավիճակի հետ։
Գործակալությունը Սաուդյան Արաբիայի կառավարությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել։


