Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է նոր լեռնադահուկային հանգստավայր, գնահատել պայմաններն ու հետևել իր դստեր դահուկասահքին։ Լուսանկարները հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ Կադրերն ակնթարթորեն տարածվել են ողջ աշխարհում. բազմաթիվ պարբերականներ, այդ թվում՝ Reuters-ն ու Daily Mail-ը, անմիջապես անդրադարձել են դրանց։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Կիմ Չժու Էն դահուկներով սահում լանջով, մինչ հայրը հետևում է նրան։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի համար անմիջապես ձյան վրա փորագրազարդ բազկաթոռ ու սեղանիկ էին տեղադրել, որի շուրջ նա ծխում էր։
Կիմ Չեն Ընը, նրա դուստրն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջան են այցելել նոյեմբերի 15-ին և 16-ին, փոխանցում է KCNA-ը։ Այցի նպատակներից էր նաև զբոսաշրջային գոտում ընթացող շինարարական նախագծերի վերահսկումը։
Համաշխարհային լրատվամիջոցների գնահատմամբ՝ Կիմ Չեն Ընն իր 13-ամյա դստերը՝ Կիմ Չժու Էին, նախապատրաստում է իշխանությունը ժառանգելուն։ Այս մասին, մասնավորապես, հայտնել են ԿԺԴՀ-ից փախած անձինք։ Լոնդոնում ԿԺԴՀ դեսպանատան նախկին աշխատակից Թհե Յոն Հոյի խոսքով՝ հրթիռային կայաններ և պաշտպանական ձեռնարկություններ Կիմ Չժու Էի այցերի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները նրա նկատմամբ պահպանում են այնպիսի արարողակարգ, որը հիշեցնում է Կիմ Չեն Ընին ցուցաբերվող վերաբերմունքն այն շրջանում, երբ նրան նախապատրաստում էին Կիմ Չեն Իրից իշխանությունը ժառանգելուն։


