Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը ներկայացրել է Իտալիա-Հայաստան հանդիպման իր գնահատականները.
Բերեզովսկի – 6
Բաց է թողնում երկու գոլ, որոնք դժվար է որսալ: Տարիքն արդեն այն չէ` 39, ապագան այլևս իրենը չէ: Լավ դարպասապահ էր, Հայաստանը նրան երկար կհիշի:
Մկոյան – 5
Ինսինյեն նրա հսկողության գոտում է խաղում: «Լորենցիտոն» նրան է ընտրում` որպես սիրելի թիրախ:
Հարոյան – 5.5
Պաշտպանությունում Հայաստանը շատ խոցելի է, ու սա է ցավալի դարձնում արդյունքը: Հարոյանը դժվարանում է Օսվալդոյին պահելիս, էլ չասած Բալոտելլիի մասին:
Արզումանյան – 5.5
Շատ ազատություն են տալիս հարձակվողներին Բերեզովսկու դիմաց 16 մետրի վրա: Վնասվածքով խաղացող Արզումանյանը հարմարվում է,:
Հայրապետյան – 5
Ֆլորենցիի գոլի գլխավոր մեղավորներից է: Աջում նրա խաղընկերները «տանգո» են պարում Ինսինյեի հետ, ձախում նա լավ չի փակում «Ռոմայի» կիսապաշտպանի շեղագիծ հարվածը:
Հովհաննիսյան – 6
Փոխարինում է Հայրապետյանին, և նրա հետ Հայաստանի խաղը բարելավվում է, իսկ մենք բաց ենք թողնում երկրորդ գոլը:
Եդիգարյան – 5.5
Ավելի բարձրի արժանի կլիներ, բայց չենք կարող մոռանալ սխալը, որից հետո հավասարվում է հաշիվը:
Մկրտչյան – 6
Լավ է հանդես գալիս կիսապաշտպանությունում, պայքարում է Մոնտոլիվոյի դեմ: Միակ լուրջ թերությունը հարկային օրենսգրքից ավելի դժվար կարդացվող ազգանունն է:
Օզբիլիս – 6
Խորամանկ խաղ է ցուցադրում աջում: Կասկածում ենք, որ Պասկալը խաղում էր ձեռքի արգելակը ձգած, որովհետև չէր վստահում այս ունիվերսալ եզրայինին:
Լավագույնը` Մխիթարյան – 7
Նրան ճանաչում էինք, նրան սպասում էինք, բայց նշանակություն չունի. երիտասարդ պարոն Մխիթարյանը մեզ ստիպեց տառապել իր էլաստիկ խաղով: Հետ գնալ և առաջ նետվել, անհետանալ և հայտնվել:
Ղազարյան – 6
Խաղում է ձախում և ունի տուգանային ներխուժելու ունակություն:
Մովսիսյան – 6,5
Մահացու է, երբ օգտվում է Ակվիլանիի սխալից, շրջանցում է Աստորիին և ռմբահարում Մարկետտիի դարպասը շեղագիծ հարվածով: Գոլը նրան հոգնեցնում է, և դրանից հետո մի քիչ աննկատ է դառնում:
Մարզիչը` Մինասյան – 6,5
Խաղաց քաջությամբ, առանց հաշվարկների: Հայաստանը արժանապատվություն ունեցող թիմ է, որը, հավանաբար, արժանի է Եվրո-2016-ին որակավորվել: