Ինչպես հաղորդում է Ռադիո Պրահան, հոկտեմբերի 15-ի ցերեկը Պրահայի Գերագույն դատարանը հաստատել է հայ քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի դատավճիռը: Վերջինիս չեխական լրատվամիջոցները «հայտնի օրենքով գող» են անվանում, եւ նա մեղադրվում է, որ 2007-ին ադրբեջանցի Մուհամեդ Ալիեւին պատվիրել է մի հայ գործարարի սպանություն: Ալիեւն էլ իր հերթին, գործը հանձնարարել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն Տրետյակովը երկու անգամ սխալ է թույլ տվել: Սկզբում նա շփոթել է եւ դանակահարել է այլ մարդու, նույնպես հայի, որի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ Ապա 14 օր անց Տրետյակովը կրակել եւ սպանել է Սաժկա ընկերության տնօրենի վարորդին, կրկին կարծելով, թե սպանում է հայ գործարարին։ Թիմուր Տրետյակովին դատարանը դատապարտել է 22 տարի ազտազրկման եւ նա կրում է իր պատիժը։ Անդրանիկ Սողոյանը նույնպես դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա չորս հանցակիցները՝ 12ից մինչեւ 18 տարի։ Սակայն Սողոյանի փաստաբանները բողոքարկել էին այդ դատավճիռը, որը դատարանը կասեցրել էր։ Իսկ Գերագույն դատարանի այս որոշմամբ ուժի մեջ է մտել դատարանի նախնական վճիռը։
Ինչպես հաղորդում է Ռադիո Պրահան, այս պահի դրությամբ հայ քրեական հեղինակությունը Չեխիայի սահմաններից դուրս է գտնվում եւ դժվար թե վերադառնա հանրապետություն։