Զորի Բալայանը մեր այն խիզախ մտավորականներից է, ով խիզախություն է արել նման նամակ գրել և ուղարկել մի մարդու, ումից կախված է մեր երկրի հետ կապված շատ բան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այդ նամակին, նման տեսակետ արտահայտեց Արտավազդ Բայաթյանը:
«Ճիշտ կլինի, որ այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, հանդես գան նամակով: Եթե կան պատմագետներ, ովքեր կարող են հերքել նրա գրածները, թող ասեն, կամ, եթե մարդ կա, ով այլ կարծիք ունի, թող նա էլ գրի»,- նշեց նա` հավելելով, որ այն հարցը, թե ում շահերից է նա խոսում, այնքան էլ կարևոր չէ, քանի որ, վերջինիս խոսքերով, ով էլ խոսի, խոսելու է` ինչ-որ մեկի շահերից ելնելով:
Բանախոսի խոսքերով` բոլորն էլ գիտեն, որ մենք ունենք մի մեծ ռուսամետ խումբ, և գաղտնիք չէ նաև, որ մեր անվտանգությունը մեծ առումով կախված է հենց այդ երկրից:
«Մենք կարող ենք շատերի հետ ընկերություն անել, մտերմություն անել, սակայն մենք պետք է ունենանք առաջ գնալու սեփական ճանապարհը», - նշեց նա:
Ա. Բայաթյանի խոսքերով` այս նամակը Մաքսային միությանն անդամակցելու որոշման արձագանքն է նաև: Նրա դիտարկմամբ` բնական է, որ ինչ-որ նման ազդանշան պետք է լիներ:
«Ոչինչ հենց այնպես չի գրվում և հասարակությանը չի մատուցվում: Ես կասկած չունեմ, որ Մաքսային միությանն անդամակցելու արձագանքն է: Ամեն ինչն էլ վտանգ է պարունակում, եթե ճիշտ չենք օգտագործում», - նշեց նա: