Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա մեկժամանոց հանդիպումը չի տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մի շարք պաշտոնյաների համար ցանկալի արդյունք: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` Ս. Սարգսյանը կտրուկ հրաժարվել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ նշանակելու մտքից: Փոխարենը նա Րաֆֆուն առաջարկել է պաշտպանել իր կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը և մաս կազմել իշխող կոալիցիային: Հովհաննիսյանը կպատասխանի այսօր: Մինչ այդ թերթը նկատում է, որ երկրորդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի նախկին թեկնածուի հետ Ս. Սարգսյանը «դու»-ովէ խոսել: «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի´»,-հանդիպման սկզբում ասել է նա: Այս փաստը հատկանշական է այն առումով որ դեռ ամիսներ առաջ՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցած ՀՀԿ համագումարի ժամանակ Ս. Սարգսյանն իր կուսակցության անդամներին ասել էր. «Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ և´ ուղղակի, և´ փոխաբերական իմաստով»:
Սերժ Սարգսյանը հրաժարվել է Րաֆֆի Հովհաննիսյանին վարչապետ նշանակելու մտքից


