Դա անհեթեթություն է: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը YerevanNews.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին և պարզաբանեց լրատվական կայքերում տեղ գտած լուրերը:

«Եղել է տղամարդկային բանավեճ, կապված վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ, այն ունեցել է քաղաքակիրթ ավարտ:
Նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրն իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»,-իր խոսքում նշեց Արթուր Միսակյանը:

Հիշեցնենք, որ կայքերը գրում են, թե երեկ օդանավակայանում Անվտանգության խորհրդի անդամների ներկայությամբ թեժ վեճ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ:
Ըստ կայքերի, երբ Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը: Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել` չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում:

Մեր այն հարցին, թե ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը Արթուր Բաղդասարյանին ասել է, թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը և որ Արթուր Բաղդասարյանը ոչինչ չի պատասխանել, Արթուր Միսակյանը պատասխանեց.

«Պարոն Բաղդասարյանին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս չկա մի մարդ, որ կարողանա Արթուր Բաղդասարյանի հետ անհարգալից խոսի և մնա անպատասխան: Կամ կարողանա մտքով անցկացնի, որ Արթուր Բաղդասարյանին հայհոյի, իսկ պարոն Բաղդասարյանն այնքան քաղաքակակիրթ կեցվածք ունի, որ երբեք իրեն թույլ չի տա նման բան անելու, այն էլ նման մարդկանց շրջապատում: Դա բացառվում է, նման մարդ չկա, որ կարողանա անհարգալից խոսի Արթուր Բաղդասարյանի հետ»: