Օմբուդսմենի 116 թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունը ստացել էր 255 ահազանգեր (համանման ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական թեժ գծերից առավելագույն քանակն է), որոնցից 25 ահազանգերը պարունակել են ընտրակաշառքների, կրկնաքվեարկության, լցոնման եւ այլ ընտրահանցագործությունների մասին տվյալներ:
Երեկ Պաշտպանի աշխատակազմը ողջ օրվա ընթացքում կապվել է այդ 25 քաղաքացիների հետ եւ լրացուցիչ ճշտումներ է կատարել, որպեսզի ստանա նրանց համաձայնությունը իրենց կողմից տրված տեղեկությունը ամբողջությամբ կամ մասամբ Ոստիկանությանը փոխանցելու համար, ինչպես նաեւ ստանա թույլտվություն իրենց ինքնությունը բացահայտել Ոստիկանության եւ հանրության առաջ: Ինքնության բացահայտումը Ոստիկանությանը հնարավորություն կընձեռի իրականացնել առավել արդյունավետ քննություն: Այդ անձանց մասին հանրությանը տեղեկացնելը կարող է քննության ողջ գործընթացը դաձնել ավելի թափանցիկ եւ վստահելի, պաշտպանել ահազանգած քաղաքացիներին տարատեսակ ճնշումներից, ինչպես նաեւ օրինակ ծառայել այլ քաղաքացիների համար: Արդյունքում 25 ահազանգերի ընթացքը հետեւյալն է.
Ընտրակաշառք.
1. Քաղաքացի Սուրեն Մանուչարյանը /բնակվող Տավուշի մարզ, գ. Վարագավան/ հայտնել է, որ անձամբ իրեն տվել են 5000 ՀՀ դրամ։ Ինքը գումարը չի ծախսել, պահել է ծրարի մեջ ՝ որպես իրեղեն ապացույց: Պաշտպանի ներկայացուցիչները նրան տեղեկացրել են, որ ընտրակաշառքի մասին ինքնակամ տեղեկացնելը հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից: Համաձայն է համագործակցել Ոստիկանության հետ: Պաշտպանի աշխատակազմը իր ողջ ներուժով ամեն կերպ աջակցելու է քաղաքացիական խիզախություն դրսեւորած Սուրեն Մանուչարյանին:
2. Քաղաքացի Ա.Մ. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) /Սյունիքի մարզ, ք. Սիսիան/ հայտնել է, որ թիվ 37/15 ընտրատեղամասի դիմաց քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում:
3. Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 141 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանել:
4. Քաղաքացի Թ.Ն. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) հայտնել է, որ թիվ 50 դպրոցում ընտրակաշառք են բաժանում:
5. Վերին Գետաշեն գյուղի բնակիչը (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը եւ բաժանում 10.000-ական ՀՀ դրամ:
Այլ անձի փոխարեն ստորագրման դեպքեր, որոնք կարող են վկայել կրկնաքվեարկության մասին.
1. Քաղաքացի Ժաննա Հովակիմյանը հայտնել է, որ թիվ 8/13 ընտրատեղամասում իր եւ իր քրոջ փոխարեն ստորագրված է եղել:
2. Քաղաքացի Ստեփան Ամիրխանյանը հայտնել է, որ թիվ 1/13 ընտրատեղամասում իր դստեր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն:
3. Քաղաքացի Տիգրան Ալեքսանյանը հայտնել է, որ թիվ 1/35 ընտրատեղամասում ընտրելու ժամանակ բացահայտել է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն իսկ ընտրել են:
Լցոնման ահազանգ
1. Քաղաքացի Նարինե Իսմաելին հայտնել է, որ թիվ 17/05 ընտրատեղամասում կատարվել է 300 քվեաթերթիկի լցոնում:
2. Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 17/2 ընտրատեղամասի սենյակներից մեկում հայտնաբերվել են կնիքով քվեաթերթիկներ:
Մնացյալ 15 ահազանգողներից 9-ը հայտնել են, որ իրենց տեղեկությունները իրենք լսել են այլ անձանցից, եւ այդ անձինք էլ իրենց համոզմամբ տեղեկատվության առաջնային աղբյուր չեն: Ահազանգողներից մեկը հայտնել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ կատակել է: Ահազանգած 5 քաղաքացիներ չեն ցանկացել, որպեսզի հարուցվեն վարույթներ եւ սկսվի քննություն, քանի որ դեռեւս չեն վստահում Ոստիկանությանը: