Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ընդգծելով, որ հանցավորության եւ թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարեւորագույն մարտահրավերներից է եւ հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը, Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարեւորել է մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: Նախագահն ընդգծել է նաեւ այդ ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցության եւ Հայաստանում տարբեր միջոցառումների անցկացման կարեւորությունը՝ մասնավորապես նշելով վերջերս Երեւանում կայացած թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը:

Յուրի Ֆեդոտովը բարձր է գնահատել Հայաստանի հետեւողական աշխատանքը հանցավորության եւ թմրանյութերի տարածման դեմ պայքարում եւ ներկայացրել իր գլխավորած կառույցի աշխատանքները եւ ընթացիկ ծրագրերը: Յուրի Ֆեդոտովը մասնավորապես նշել է, որ իր այցը կրում է ճանաչողական բնույթ եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հայաստանի եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջեւ համագործակցությունը արդյունավետ համարելով՝ զրուցակիցները միաժամանակ կարեւորել են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության հիմնման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, նշանակալիորեն կնպաստի համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: