Խորհրդարանում բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարց բարձրացրեց, թե արդյոք պետական պաշտոնյաներն արժանի՞ են, որպեսզի իրենց աշխատավարձը բարձրանա.

«Կարծում եք, որ ՀՀ գործերն այնքան լա՞վ են գնում կամ այդ գործերի համար պատասխանատվություն կրող անձինք վաստակել՞ են այսպիսի աշխատավարձերի բարձրացման իրավունքը: Հնարավորություն ունե՞նք նման որոշում կայացնել»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ համաձայն օրենքի նախագծի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխավարձը բարձրանալու է 203 տոկոսով՝ 436.460 դրամից դառնալով 1 մլն 322.800 դրամ, վարչապետինը՝ 218 տոկոսով՝ 373.540 դրամից դառնալով 1մլն 190.520 դրամ, նախարարների աշխատավարձը բարձրանալու է 192 տոկոսով:
«Եթե մեծամասնականով ընտրված պատգամավորը դահլիճում օրերով չի լինում, հայտնի չի լինում օրերով ուր է, ինչու՞ այդ դեպքը չեք ասում կամ գալիս կնոպկա է սեղմում, գնում է, ինչու՞ նրա աշխատավարձը պետք է բարձրանա, ինչու՞ չեք ասում՝ նրան աշխատավարձ մի տվեք»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ պետք չէ քննարկել, թե որ պաշտոնյայի աշխատավարձն ինչքան է բարձրանում:
«Պետք է քննարկել, թե արդյոք համակարգը տրամաբանական է, թե ոչ, համադրելի է այլ երկրների հետ, թե ոչ, արդյոք այն խտացման գործակիցը. այսինքն՝ այն տարածությունը, որ կա ներքևի և վերևի մեջ, բարձր է, թե ոչ, էական բևեռացում ունենք, թե ոչ, արդյոք այն ծնում է կոռուպցիոն ռիսկեր, թե ոչ»,- ասաց Գաբրիելյանը: