Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Աղվան Պապիկյանն սկսել է մարզվել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմում: 19-ամյա ֆուտբոլիստը հարցազրույց է տվել armsport.am-ին:
- Աղվան, արդեն պայմանագիր ստորագրվե՞լ է «Սպարտակի» հետ:
- Դեռ ոչ: Կստորագրենք, երբ թիմը վերադառնա Մոսկվա:
- Դեռևս հունվարի 3-ին տեղեկություն տարածվեց, որ եղբորդ հետ միասին տեղափոխվելու եք «Սպարտակ», սակայն մոտ 50 օր անց միացար ռուսական թիմին: Ի՞նչն էր պատճառը:
- Այո, երկարեց: Որոշ ժամանակ մտածում էինք, փորձում էինք հասկանալ, որ ճիշտ որոշում է կայացվում:
-Տեղյակ ենք, որ առաջարկներ կային մի շարք այլ ակումբներից, սակայն ընտրվեց «Սպարտակը»...
- Այս ակումբ եմ տեղափոխվում կես տարով և կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում շատ բան կունենամ սովորելու «Սպարտակում», իսկ ամռանը պարզ կդառնա, արդյո՞ք, կարող եմ մնալ այստեղ, թե՞ գնալու եմ այլ թիմ: Առաջիկա ամիսները մեծ օգուտ կտան ինձ:
- Ինչպե՞ս ընդունեցին քեզ «Սպարտակի» երիտասարդական թիմում, որտեղ միակ լեգեոներն ես:
- Նորմալ: Չեմ կարող առանձնահատուկ բան ասել ընդունելության մասին: Թիմը լավ մարզչական շտաբ ունի:
- Արդեն մասնակցել ես մարզումների: «Լոձի» համեմատ տարբերությունը մե՞ծ է:
- Մարզումներն ինձ դուր եկան, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Դժվարանում եմ միանգամից համեմատել, երևի որոշ ժամանակ անց կկարողանամ ավելի հստակ ասել:
- Ռուսերեն հասականու՞մ ես:
- Ոչ, բայց Մոսկվայում պետք է սովորեմ, որ կարողանում ավելի լավ շփվել մարզիչների ու խաղացողների հետ:
- Իսկ ներկայումս ինչպես ե՞ք հաղորդակցվում:
- Որոշ բաներ հասկանում եմ: Տարբեր ժեստերի և բառերի միջոցով կապը ստացվում է, բայց աստիճանաբար ավելի հեշտ կլինի:
- Շուտով «Սպարտակում» բուժզննում պետք է անցնի ավագ եղբայրդ՝ Վոլոդյան, ով ևս կարող է հայտնվել այդ թիմում: Մոսկվա ընտանիքո՞վ եք տեղափոխվելու:
- Ծնողներս պատրաստվում են հաճախակի այցելել Մոսկվա, սակայն, հիմնականում, նրանք լինելու են Լեհաստանում:
- Իսկ Մոսկվայում ունե՞ս ծանոթներ, հարազատներ...
- Ծանոթներ շատ կան: Հիմնականում հայրիկի ընկերներն են: