Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, հոկտեմբերի 25-ին, կայացել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռազմավարության, ծրագրերի եւ քաղաքականության դիրեկտորիատի համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան իրականացրած ծառայության համար ՀՀ ԶՈՒ սպաներ` գնդապետ Հայկ Շադյանի եւ փոխգնդապետ Արթուր Մուսաելյանի պարգեւատրման արարողությունը ԱՄՆ զինված ուժերի «Միացյալ շտաբերում գերազանց ծառայության համար» մեդալով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամերիկյան կողմից մեդալները հանձնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Սթիմսոնը:

Նշված մեդալով պարգեւատրվել է նաեւ նախկինում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան ծառայած եւ ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը: