Պետեկամուտների կոմիտեն այսօր հրապարակեց 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որը գլխավորում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին պատկանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` իր վճարած մոտ 26.3 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն էականորեն ավելի քիչ` 16.4 մլրդ դրամի հարկեր էր վճարել և երկրորդ տեղում էր` «Հայռուսգազարդից» հետո:
Այս տարի «Հայռուսգազարդը զիջել է իր դիրքը մեկ տեղով և երկրորդ հորիզոնականում է` վճարված ավելի քան 25,3 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին այս ընկերությունը 22.6 մլրդ դրամ հարկեր էր վճարել:
Երրորդ և չորրորդ տեղերը նույնպես այս տարի փոխվել են` երրորդում «Ղ տելեկոմն» է, չորրորդում` «Ալեքս Գրիգը», մինչդեռ անցած տարի հակառակն էր:
Հինգերորդ և վեցերորդ տեղերում ինչպես այս, այնպես էլ անցած տարի եղել են«Արմենիա տելեֆոն քոմփանին» և «Ֆլեշը»:
Այս տարի ցանկի առաջին տասնյակում է հայտնվել «Ֆիլիպ Մորրիս-Արմենիա» ընկերությունը: Իսկ տասնյակից դուրս է մնացել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Տասնյակի մյուս ընկերություններն են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Գեո պրո մայնինգ գոլդը» և «ՍիՓիԷս օյլ քորփորեյշնը»: