Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք հասցրած Դավիթ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալը պնդում է, որ ինքը Լյուքս Ստեփանյանին սպանելու միտում չի ունեցել: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իրենց են տրամադրվել գործի նյութերը և որ ներկայումս դրանց ծանոթանալու փուլում են, իսկ իրենց տեսակետն ու դիրքորոշումը կհայտնեն միայն ծանոթանալուց հետո, քանի որ հնարավոր է միջնորդություններ լինեն:
Հիշեցնենք, որ թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Ռ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ի.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց: Փաստի առթիվ 15.05.2013թ. ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով):