Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց պետբյուջեի հետ կապված մի քանի հարցերի:
Մասնավորապես պատասխանելով լրագրողի այն հարցին, թե 2014թ. պետբյուջեն ինչ կարող է տալ շարքային քաղաքացուն, փոխնախարարը նշեց. «Շարքային քաղաքացուն կարող է տալ հետևյալը: Եթե շարքային քաղաքացին քաղծառայող է, նրա աշխատավարձը կբարձրանա, եթե շարքային քաղաքացին թոշակ է ստանում, նրա թոշակը կբարձրանա 15 տոկոսով, եթե ինքը երեխա ունի միջնակարգ դպրոցում սովորող, մեկ երեխայի ֆինանսավորումը կբարձրանա: Այդ բոլոր սոցիալական ցուցանիշները կան», - նշեց նա:
Իսկ այն հարցին, թե ինչու նախորդ պետբյուջեի սպասելիքները չարդարացան, և արդյո՞ք դա նշանակում է, թե այս բյուջեն «սուպերսոցիալական» է, փոխնախարարը նշեց. «Ես 15 տարի հոգնել եմ այս հարցից: Այդ բյուջեի մեջ 50 տոկոսը սոցիալական է, իսկ այս բյուջեինը 70 տոկոս», - նշեց նա:
Փոխնախարարի խոսքերով, հունվարի մեկից բարձրանալու է ուժային կառույցներում աշխատողների աշխատավարձը՝ 10 տոկոսով: