Արտակ Բուդաղյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց համացանցում տեղադրված տեսանյութը` հայտնելով, որ դեպքի վայրում առաջին երեք կրակոցներն արձակել է Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Փաստաբանի հավաստմամբ` Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին արձակած երկու կրակոցներն էլ ուղղված են եղել դեպքի օրը մահացած Ավետիք Բուդաղյանին:

«Ավետիք Բուդաղյանը ագրեսիա չի դրսևորել, ավելին` մինչև կրակոցը հաշտեցնողի դերում է եղել: Ավետիքը փորձել է հաշտեցնել իր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին և Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցներին»,- իր խոսքում նշեց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տնից կրակոց է տեսել. թե ով է արձակել այդ կրակոցը, Արտակ Բուդաղյանը վնասվածքների պատճառով չի կարողացել տեսնել, միայն լսել է կրակոցի ձայնը և տեսել փայլը:

 Փաստաբանի հավաստմամբ` դեպքի ամբողջական տեսագրությունը իրենց հիմքեր է տալիս ենթադրելու, որ շենքից կրակոց է եղել: Բացի այդ, փաստաբանի փոխանցմամբ, դեպքի վայրում արձակված վերջին կրակոցի ձայնը տարբերվում է արձակված մյուս կրակոցների ձայներից: Փաստաբանի տեղեկացմամբ՝ փորձագետներն այդ հանգամանքը բացատրել են նրանով, թե տվյալ պահին միաժամանակ հնչել են երկու կրակոցների ձայներ, որոնք և միախառնվել են:

Ալումյանը փաստեց, որ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքն ունի վերևից ներքև ուղղությունը: