Ռուսաստանը, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, չի մտել պետության նորընտիր նախագահի Գեորգի Մարգվելաշվիլիի՝ նոյեմբերի 17-ին կայանալիք երդումնակալությանը հրավիրված պետությունների ցուցակի մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ նախարար Մայա Փանջեկիձեն:
«Ես հայտարարել եմ այն պետությունների ցուցակը, որոնց ուղարկվել են հրավերքներ երդումնակալությանը մասնակցելու համար: Դրանք ԵՄ, ՆԱՏՕ, «Արևելյան գործընկերության» պետություններ են, ինչպես նաև երկրներ, որոնք այս դաշինքների մեջ չեն մտնում, սակայն ունեն իրենց դեսպանատները Թբիլիսիում: Նրանց թվում Ռուսաստանը չի մտնում»,- հինգշաբթի լրագրողներին հայտնել է Փանջեկիձեն,ում խոսքերը փոխանցում է Риа Новости-ն: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին:
Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները 2008 թվականի օգոստոսին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո: 2012 թվականի հոկտեմբերի մեկին խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության եկած Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները արտաքին քաղաքականության կարևոր գերակայություններից մեկը համարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը: