Ավետարանչական ընկերակցության Հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, արդեն նախկին վերապատվելի Արմեն Միքայելյանը ս.թ. օգոստոսի 5-ին կարգալույծ է արվել Ավետարանչական ընկերակցության կողմից:
Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր հետ ևս 15 հոգու ազատել և հեռացրել են կրոնական կազմակերպությունից` բերելով անհիմն պատճառաբանություններ: Այնտեղ, ինչպես հայտնեց Միքայելյանը, ասել են, թե իրենք համապատասխան որակավորում չունեն, այնինչ երեք տարի ուսանելուց հետո ստացել են համապատասխան որակավորումն ու աստվածաբանի կոչումը:
«Քանի որ ես բարձրաձայնել եմ մի քանի անօրինականությունների մասին, չեմ պահել նրանց գաղտնիքները, այդ պատճառով էլ ինձ կարգալույծ են արել, այդ թվում` իմ բարեկամներին: Ուրիշ պատճառներ չկան, իսկ նրանց կողմից բերված հանգամանքները սուտ են ու անօրինական: Այս կառույցն իրեն պետության մեջ նոր պետություն է համարում»,- իր խոսքում նշեց Միքայելյանը` հավելեով, որ Ավետարանական եկեղեցին Հայաստանում աղանդների պես է գործում` կատարելով Առաքելական եկեղեցում մկրտվածների վերամկրտություն` հակասելով Հայ եկեղեցու կանոնադրությանը, իրենց ճամբարներում իրականացնում է սեռադաստիարակչական և ապաբարոյական քարոզարշավ:
«Ավետարանական եկեղեցին, ՀՀ-ում ներկայանալով իբրև բարեգործական կազմակերպություն, խուսափելով պետտուրքերից և հարկային վճարումներից, կատարում է մի շարք ապօրինի գործողություններ` իրականացնելով փողերի լվացման գործընթաց: Հենց այդ պատճառով էլ երբեմն հանդես է հալիս` որպես Ավետարանչական ընկերակցություն, երբեմն էլ` որպես Ավետարանական կրոնական կազմակերպություն»,- նշեց վերապատվելին` ավելացնելով նաև, որ Ավետարանական եկեղեցին հակականոնադրական որոշմամբ իր հովվին հեռացրել է ծառայությունից, ինչը հակասում է մարդու իրավունքներին և ՀՀ Աշխատանքային օրենսգրքին:
Նա նաև հույս հայտնեց, որ հայաստանյան ազգային եկեղեցին կարձագանքի և հարցին լուծում կտա, և իրենից և իր պես ազատվածներից ներողություն կխնդրեն ու կվերականգնեն:
Լրագրողի այն հարցին, արդյոք Միքայելյանը կմտնի հայ առաքելական եկեղեցի, եթե իրեն ընդունեն, նա ցանկություն հայտնեց չպատասխանել:
Իսկ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի փոխանցմամբ` Հայ ավետարանչական ընկերակցության և կրոնական կազմակերպության ղեկավարը եղել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Ռենե Լևոնյանը:
«Այս ընկերակցությունը կրոնական կառույց է, և ոչ թե բարեգործական հիմնադրամ: Այն հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, իսկ ԱՄՆ-ն հողեր է ձեռք բերում Հայաստանում, ինչը ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է: Փաստորեն` մենք կռիվ ենք տալիս մեր տարածքների համար, բայց ներսում մեր հողերը վաճառում ենք օտարին»,- ասաց Ամարյանը` տեղեկացնելով նաև, որ նախկինում իրենք կարծել են, թե կառույցը բողոքականի ճյուղ է , սակայն հետագայում Թուրքիայում դուրս է եկել` դառնալով աղանդ:
«Արդյոք սա՞ չէ պատճառը, որ կոտորածի ժամանակ հայերը համախմբված չեն եղել, մանավանդ, որ հայերին կրոնն ու հավատն են բոլոր ժամանակներում համախմբել: Սա շատ լուրջ հարց է, և սրանով պետք է զբաղվեն պետական մարմինները և ուսումնասիրեն խնդիրը»,- հավելեց Ալեքսանդր Ամարյանը:


