Այսօր բուսակերության համաշխարհային օրն է, որը Հայաստանում նոր զարգացող ուղղություն է:

ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլգ Վարդանուշ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ լինում են խիստ բուսակերներ, որոնք սնվում են միմիայն բույսերով, և բուսակերներ, որոնք բույսերից բացի օգտագործում են նաև կաթնամթերք և ձվեղեն:

«Բուսակերությունն առողջության համար ունի և դրական, և բացասական կողմեր: Ընդհանրապես միս չուտելը չի խրախուսվում, քանի որ առողջ ապրելակերպի համար նպատակահարմար է բազմատեսակ սնունդ օգտագործելը: Բոլոր սննդային խմբերն էլ պետք է օգտագործել` և հացահատիկային ու կարտոֆիլային, և կաթնամթերքներ, որն ապահովում է կալցիումը, և մսեղեն, ձու և ընդեղեն, որոնք ապահովում են սպիտակուցները: Օրվա ընթացքում բոլորից էլ պետք է օգտագործել որոշակի քանակությամբ, ոչ թե միայն միս կամ կաթնաշոռ: Սա նաև կխթանի հիվանդությունների ռիսկի նվազումը»,- հայտնեց դիետոլոգը:

Պետրոսյանի փոխանցմամբ` Հայաստանում 70 տոկոս հիվանդանում ու մահանում են ոչ ինֆեկցիոն հիվանդություններից, այսինքն` շաքարային դիաբեդ, ուռուցքներ, սիրտանոթային հիվանդություններ և այլն, որոնց կանխարգելումը հնարավոր է առողջ սննդակարգի միջոցով, և մարդիկ այդ դեպքում չեն օգտագործի միայն դեղորայքներ:

«Առաջին հերթին մարդիկ պետք է շաքարի, աղի և քաղցրավենիքների չափաբաժինը քչացնեն և սննդակարգում միշտ բալանս պահեն: Սննդատեսակի չարաշահումը վատ հետևանքներ կարող է թողնել»,-ասաց դիետոլոգը: