Սննդակարգի նախընտրությունը աշխարհայացքի և էկոլոգիայի հանդեպ մարդկանց վերաբերմունքի դրսևորումն է:
Այս մասին այսօր լրագրողների եհտ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը` հավելելով, որ բուսակերությունն, օրինակ, բարդ ապրելակերպ է և խիստ սահմանափակումներ են դրվում այդ ուղին ընտրողների առջև:
«Մսակերներն ավելի նպատակասլաց, գործունյա և ակտիվ մարդիկ են լինում, իսկ մսի չարաշահումը ագրեսիայի դրսևորումներ է ի հայտ բերում մարդու մոտ: Բուսակեր մարդիկ լինում են ավելի հլու-հնազանդ, ենթարկվող»,- հայտնեց դիետոլոգը:
Վերջինիս դիտարկմամբ` կրոնական ուղղությունների տարածումն ու ընդլայնումը, քրիստոնեությանը ոչ կից, ևս բերում է սննդակարգում սահմանափակումների:
«Ըստ քրիստոնեական խորհրդի` մարդիկ պետք է շաբաթական 2 անգամ` չորեքշաբթի և ուրբաթ օրերին պաս պահեն, և քրիստոնեությունը սահմանափակումներ չի դնում սննդակարգում. Աստված ասում է` կամքը ձերն է, ինչ ցանկանում եք կերեք, իհարկե դա չպետք է որկրամոլության հանգեցնի»,- նշեց Պետրոսյանը` հայտնելով նաև, որ եվրոպական մոտեցումները` բուսակեր դառնալու առումով, հանգում է կենդանիների մասին հոգատարությունից:
«Պայմանականորեն հայը մսակեր ազգ է, սակայն սննդակարգի նախասիրությունները հանգում են բնավորությունից և աշխարհայացքից: Ինչ վերաբերում է լրագրողներին` պետք է ասեմ, որ նրանց սպառնում է անռեժիմ ուտելու վտանգը»,- ասաց դիետոլոգը` հավելելով, որ լրագրողներն ամեն պահի իրենց մոտ պետք է ուտելու որևէ բան ունենան` բացառությամբ խաչապուրիից և քաղցրավենիքից:
Դիետոլոգի դիտարկմամբ` քաշը պահպանելու համար յուրաքանչյուրը պետք է օրական 1,5-2 ժամ արագ քայլի, իսկ շատ քայլելուց վնաս լինել չի կարող:


